Ռուսական կայսրության դատարկ գնացքը հեռանում է․ Ռուսանպաստ ուժերն առերեսվել են լուրջ խնդրի

Ռուսաստանը վագոններ է բերել Հայկական երկաթուղիների համար: Դեսպան Կոպիրկինը նույնիսկ անձամբ էր գնացել դրանք դիմավորելու: Պետք է ինչ-որ դրական բան ցույց տալ, այն էլ՝ «հաղորդակցությունների ապաարգելափակման» պայմաններում: Բայց ստացվում է խիստ խորհրդանշական՝ ռուսական դատարկ վագոններ հայկական «ոչ մի տեղ չտանող» երկաթուղու համար, որը պատ է, ինչպես ժամանակին բնորոշել էր Ռուսական երկաթուղիներ ընկերության տնօրենը: Արթուր Վանեցյանը Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից 20-ը օգտագործում են հակառուսական հռետորաբանություն: Իրականում բոլոր կուսակցություններն էլ դա անում են յուրովի: Օրինակ, «Բարգավաճ Հայաստանը», որն իր նախընտրական արշավը նվիրել է բացառապես Ռուսաստանի հետ «ավելի խորը» հարաբերությունների խթանմանը, դրանով իսկ ընդգծելով այդ հարաբերությունների դատարկությունը: Գրեթե բոլոր ռուսանպաստ ուժերն անուղղակիորեն մեղադրում են Ռուսաստանին: Նրանք ձևացնում են, թե պայքարում են միմյանց դեմ, բայց իրականում նրանք պայքարում են Ռուսաստանի դեմ: Դրա վառ օրինակը Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունն է, երբ Փաշինյանի դեմ կոմպրոմատների պատրվակով, ըստ էության, բացահայտվեց Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի դավադրությունը Հայաստանի դեմ: Վանեցյանը, ասելով «Ղրիմը մերն է», նախատում է Ռուսաստանին Արցախը չճանաչելու համար: Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արձանագրվեց բանակցային գործընթացը վերականգնելու անհրաժեշտությունը ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես որոշելու նպատակով», նույնպես քար է նետում Ռուսաստանի այգին, որը դեմ է Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի վերսկսմանը և Արցախի կարգավիճակի քննարկմանը, համենայնդեպս առաջիկա տարիներին: Ռոբերտ Քոչարյանը նույնպես հետ չի մնացել Ռուսաստանին նախատելու հարցում: «Խաղաղության համաձայնագիր գոյություն չունի, հակամարտությունը չի լուծվել: Պարզապես Ռուսաստանի միջամտությունը հանգեցրեց իրավիճակի հերթական սառեցմանը: Նման համաձայնագիրը կարող է ընդունվել Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի համաձայնությամբ», ասել է նա: Այսինքն ՝ առանց Ռուսաստանի: Նա հայտարարել է, որ սահմանազատումը, «միջանցքը», Բաքվի մուտքը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անընդունելի են, ինչպես նաև Բաքվի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այսինքն , այն ամենը, ինչ Ռուսաստանը առաջ է բերում որպես իմպերատիվ, անընդունելի է: Փորձելով «արդարացնել» Մոսկվային, Քոչարյանը Կոմերսանտին տված հարցազրույցում նրան ևս մեկ հարված է հասցրել: «Իրականում այս ամբողջ պատմության մեջ Ռուսաստանի դիրքորոշումը որոշակիորեն երկիմաստ էր. մի կողմից, Ռուսաստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, մյուս կողմից` Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ հաստատելու ցանկություն կա: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը միջնորդ է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա զգայունություն հաղորդեց Ռուսաստանի դերին այս ամբողջ պատմության մեջ: Սա բարդ իրավիճակ է, և դժվար է դրանից դուրս գալ առանց վնասվելու: Այս իրավիճակի  պարամետրերը որոշակի հիմք են տալիս այդպիսի շահարկումների համար», ասել է Քոչարյանը: Պարամետրերն իսկապես նման են «հետաքրքիր հղիության», երբ հայտնի չէ, թե ով է ծնվելու: «Որպես հայ՝ ես կցանկանայի, որ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնանար իր դաշնակցային պարտավորությունները կատարելու վրա», հայտարարել է Քոչարյանը: Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակիցներ չունի, և պետք է ելնել դրանից, հայտարարել է նեկ այլ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչն է առաջացրել նման նախանձելի «կոնսենսուս»: Միգուցե դեր է խաղացել այն հանգամանքը, որ ռուսանպաստությունը հակադրվում է ինքնիշխանությանը եւ հավասարազոր է թուրքանպաստության: Լավրովի պլանին համաձայնություն տալը տրամաբանորեն պիտի հանգեցներ դրան:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
10-06-2021 21:59