Հայաստանի իրավունքները ճանաչում են բոլորը, հայ քաղաքական դասի «բայղուշության» ֆոնին

«Եթե Ռոբերտ Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս բերվեց կարգավորման գործընթացից, այս պարտությունից հետո արդեն Հայաստանն է դուրս դրվել՝ որպես հակամարտող կողմ: Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում: Հայաստանը ոչ մի որոշում չի կարող ինքնուրույն կայացնել Ղարաբաղի վերաբերյալ: Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանրն այն է, որ մենք գուցե այլևս խաղացող չենք»: Այս մասին հայտարարել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը չգիտես ինչու որոշել է մասնակցել ընտրություններին: Տեր-Պետրոսյանն իհարկե խորամանկում է. Հայաստանը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, և նվազագույնը Ալիևը դա գիտի: Ալիևը հայտարարում է, որ միայն Հայաստանը կարող է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Այսինքն ՝ Արցախը որպես Հայաստանի, Ադրբեջանի կամ որպես անկախ երկիր ճանաչելու իրավունքը Երևանինն է: Մի՞թե առաջին նախագահը դիտավորյալ է նսեմացնում Հայաստանի հնարավորությունները: Արդյոք Տեր-Պետրոսյանը զգում է, որ մոտենում է «ճահճից» դուրս գալու պահը, որի մեջ են մտցրել Հայաստանն ու Արցախը նա և նրան փոխարինած ղեկավարները 1994 թվականից ի  վեր: Այս բոլոր տարիներին Տեր-Պետրոսյանը բացահայտ խոսում է կարգավորման իր տարբերակի մասին, որը չի ենթադրում Արցախի վերամիավորում Հայաստանի հետ և հայկական իրավունքների վերականգնում: Նա համառորեն Արցախն անվանում է Ղարաբաղ, իսկ այնտեղ ապրող հայերին ՝ ղարաբաղցիներ: Ըստ ամենայնի՝ այն պատճառով, որ Արցախի միացումը Հայաստանին չի տեղավորվում հետցեղասպանական բարդույթներից տառապող քաղաքական գործիչների հայեցակարգի մեջ: Հայաստանը հակամարտության կարգավորումից դուրս չի մնացել, չնայած եռակողմ հայտարարության ստորագրմանը: Բայց նույնիսկ այդ հայտարարության մեջ «հաղթած» կողմերը չեն կարողանում շրջանցել Հայաստանի իրավունքները. առանց Երևանի հնարավոր չէ կոմունիկացիաներ բացել, չի կարող ճանաչվել Թուրքիայի և Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», Արցախի հարցը չի կարող լուծվել: Դա կախված է Երեւանից, խնդիրը Երեւանի, հայկական քաղաքական դասի կամքի ու դիմադրունակության մեջ է: Զարմանալի օրինաչափությամբ, Տեր-Պետրոսյանը ամեն անգամ հայտնվում է այն պահին, երբ Հայաստանը գտնվում է խաչմերուկում, և ամեն անգամ «ապացուցում» է, որ Հայաստանը պետք է գնա այն ճանապարհով, որտեղ կգտնի իր մահը: Նեկրոֆիլիան բնորոշ է հայկական քաղաքական դասին, և պատերազմից հետո այն աննախադեպ վերելք է ապրում: Ապոկալիպտիկ ողբերը կոչված են ճնշել հանրային կամքն ու տրամադրությունները, համակերպվել կորուստներին: Հակառակը ենթադրում է քաղաքական գործիչների մտքի թռիչք, ովքեր չեն վախենում բարձր նպատակներ դնելուց: Տեր-Պետրոսյանի ելույթը բնորոշ կլիներ «ազգի հայրին», եթե նա հաղթահարեր բարդույթները և կոչ աներ վերամիավորել Արցախը և Հայաստանը, վերջապես` կոչ աներ Չորրորդ Հանրապետության, որը կլինի Առաջին Հանրապետության իրավահաջորդը, որը կվերադարձնի 100 տարի առաջվա Հայաստանի իրավունքները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
11-06-2021 13:48