Ռուսանպաստ ընդդիմություն. Ապուշը ապուշ չեն, իհարկե, բայց չափազանց օգտակար են

11-06-2021 15:59

Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը հերթ-հերթի արտահայտվում են նախընտրականի իրենց ըմբռնման եւ կարողությունների շրջանակներում: Ենթադրյալ թիրախը Նիկոլ Փաշինյանն է: Իրականում, թիրախում Ռուսաստանի ղեկավարությունն է հայտնվում: Ինչու Անմիջապես հարց է ծագում. միթե ռուսանպաստները չեն գիտակցում իրենց արածի հսկայական օգտակարությունը՝ հայ ժողովրդին 200-ամյա շարունակական կոտորածից ու հայրենազրկումից ազատելու համար: Պատասխանը հետզհետե պարզ է դառնում: Նախ ռուսանպաստների մի հատվածը այդպիսին է, կարելի է ասել, մանկուց: Այդպիսին են նրանց դաստիարակել պարտիան եւ կառավարությունը, որ 30 տարի է ինչ չկան: Այս մարդիկ չեն գիտակցում իրենց հայանպաստ իրական օգտակարությունը, այլապես կխելագարվեին, կամ արդեն հասցրել են դա անել: Մի մասն էլ ուղղակի պարտավոր է՝ գիտակցի կամ ոչ: Եւ, ամենակարեւորը, նրանք բոլորը գվռտոցից բացի այլ բանի ընդունակ էլ չեն, քաղաքական կյանքով չեն ապրել: Երկրի առջեւ իրական խնդիրները թողած անցյալն են խմբագրում՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով: Իսկ անցյալը խարսխված է Ռուսաստանի քաղաքականության վրա: Ստացվում է կամ իրենք են ապաշնորհ եղել ռուսական բարեհաճությունը չօգտագործելով, կամ… Կամն է: Նույն վիճակում է նրանց կուրատորը: ՌԴ դեսպանը երկու բաց հրահանգավորում անցկացրեց, ընդ որում երկրորդում, ժամանակավոր հավատարմատարի շուրթերով, հերքեց առաջինում ասվածը՝ հայ-ռուսական պայմանագրերի մակուլատուրային վիճակի մասին: Առաջինում փորձեց հավասարեցնել ռուսների եւ հայերի ինքնանույնացումները, ինչով հերքեց իր ներկայացրած երկրի ղեկավար Պուտինին, որը հայ ժողովրդի դահիճ Մուստաֆա Քեմալին համարում է Ռուսաստանի մեծ բարեկամ: Եւ ո՞րը եղավ հայ-ռուսական նույնությունը, կամ հարազատությունը, դեսպանի բառերով: Ռուսը նույնանում է հայի կոտորածի՞ն: Չվիճենք: Դեսպանի առօրյան առանց այդ էլ ծանր է: ԷֆԷսԲե վարչության բակում, աչքից հեռու մի պուճախում հայ-ռուսական արձանիկ է դնում ու հետո ամայի կառամատույցի վրա դիմավորում ռուսական դատարկ վագոնները: Կամ այցելում է Սյունիք, տեղի քաղաքական համագործակցականին ռուս զինվորականներով շրջապատված: Նպաստու՞մ է դեսպանի յուրօրինակ «աուտիզմը» հայերին 200-ամյա գաղութային մղձավանջից ազատվելու ընթացքին: Այո, նպաստում է, եւ դեսպանը դա անտարակույս գիտակցում է: Կարո՞ղ է չանել այդ բաները, որպեսզի ինքնաբերաբար չնպաստի, ոչ չի կարող: Բա ի՞նչ զեկուցի Մոսկվա: Սա կոչվում է ցուգ-ցվանգ, այսինքն դրությունն անընդհատ վատթարացնող հարկադրյալ քայլերի վիճակ: Կասկած չկա, որ հայկական ընտրությունների մոսկովյան նախագծողները օրերն են հաշվում, թե երբ է վերջապես ավարտվելու փրկչի թագազերծման իրենց իսկ հունցած մղձավանջը: Ռուսահայաստանը զատվելու է Հայաստանից եւ շարունակի իր թշվառ գոյությունը միայն Ծառուկյանի, Տեր-Պետրոսյանի, Մարգարիտա Սիմոնյանի եւ այլոց երեւակայության մեջ: Թանկ գնով, բայց բեկման կետը, կարծես, անցել ենք՝ կենտրոնանանք այլընտրանքների վրա: Օտարամոլությունը միայն վախ է ծնում ու մերժելի է:

Lragir.am,
11-06-2021 15:59