Շուրջ 312.000 խ/մ ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման բազմաթիվ դեպքեր՝ Արաքս գետի ավազանում. 9 քրեական գործ է հարուցվել

11-06-2021 17:04

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում իրականացվել են չափագրման աշխատանքներ, որոնց արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչություն: Դատախազության գործիքակազմով ձեռնարկված միջոցառումների արդյունքում, համագործակցելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության հետ, արձանագրվել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Արաքս գետի ավազանում ընդերքօգտագործում իրականացնող 8 տնտեսվարող սուբյեկտներին տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության տեղամասերից դուրս ընդերքի ապօրինի շահագործման՝ տասնյակ հազարավոր խորհանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման, հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու բազմաթիվ դեպքեր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու, 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման կանոնները խախտելու, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ: Հարուցված քրեական գործերով, ընդհանուր առմամբ արձանագրվել են շուրջ 312 հազար խորհանարդ մետր ավազի և ավազակոպիճի ապօրինի արդյունահանման դեպքեր, որոնցով նախնական հաշվարկներով պետությանը պատճառվել է շուրջ 143 մլն. դրամի վնաս, իսկ շուրջ 113 հազար քառակուսի մետր տարածքներում արձանագրվել են հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելու, դրանցով բնությանը ընդհանուր առմամբ շուրջ 10 մլն դրամի վնաս պատճառելու դեպքեր: Հարուցված քրեական գործերի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: ՀՀ դատախազությունը այսուհետ ևս իր ողջ գործիքակազմով հետևողականորեն աշխատանքներ է տանելու ընդերքօգտագործման և բնապահպանության բնագավառներում տեղ գտած չարաշահումների և խախտումների դեպքերը պարզելու, մեղավոր անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

Lragir.am,
11-06-2021 17:04