Կազմակերպվել է «Կլոր սեղան»՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի՝ Մայր Հայաստանին վերամիավորման ակտի 100-ամյակին

11-06-2021 18:15

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից անմիջապես հետո՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Ադրբեջանի Հեղկոմը իր հայտարարությամբ Ադրբեջանի կողմից նախկինում հավակնած տարածքները՝ Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, ճանաչեց որպես Հայաստանի անբաժանելի մաս», – «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում այս կարևոր հանգամանքի վրա ուշադրություն է հրավիրում ԱրԺՄ նախագահ, բ. գ. թ. Կիմ Գաբրիելյանը:   Այդ առթիվ «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը առաջարկել է նախագահի աշխատակազմին կամ որևէ այլ կառույցին կից ստեղծել մի մարմին, որը կընդունի մարդկանց, կլսի նրանց գաղափարները, առաջարկները: «Պետք է ունենանք բազմաթիվ մշակած սցենարներ, սակայն առանց քննարկումների, առանց հնչած գաղափարին նոր զարգացումներ հաղորդելու, դա հնարավոր չէ: Մենք առանձին-առանձին շատ լավ գաղափարներ ունենք, բայց դրանք ընդհանրացնելու և կենսագործելու մեխանիզմները կարծես չեն երևում: Կարծում եմ՝ նմանօրինակ նախաձեռնությունները գուցե հենց այդ մեծ գործընթացի մեկնարկն են տալիս»,- նշել է Մ. Հարությունյանը: ԱՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն իր խոսքում ընդգծել է, որ «Կաճառ» գիտական կենտրոնը միշտ տարբեր այսպիսի նախաձեռնություններվ է հանդես եկել: Նա նշում է, որ պատմությունը կրկնվել է, և կրկին թիրախում հայտնվել ենք մենք: «Այսօր կրկին Սյունիքը վտանգված է և այն ինչ մենք կարողացել էինք ձեռք բերել 1992-94թթ., 2020 թվականին փաստացի մեծ մասը կորցրեցինք, որովհետև տարածաշրջանում կրկին աշխարհաքաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, և մենք, պետք է խոստովանենք, որ ճիշտ չենք կարողացել գնահատել այդ զարգացումները»,- նկատեց Վ. Պողոսյանը: ԱԳՆ նախարարի տեղակալ Անուշ Դոլուխանյանն այս նախաձեռնությունը համարում է պահանջված: Ըստ նրա՝ այսպիսի քննարկումների շնորհիվ մենք կարող ենք կանգնել մեր հայրենիքի, մեր երկրի ճակատագրի համար կարևոր հարցերի լուծման ակունքներում: «Միանշանակ, դիվանագիտական կորպուսը՝ ի դեմս ԱՀ Արտաքին գերատեսչության, լուրջ անելիքներ ունի այս գործում, սակայն Արտաքին գերատեսչությունը որդեգրել է գործելու և այդ մասին քիչ բարձրաձայնելու քաղաքականություն: Պարզապես հավաստիացնեմ, որ նախարարությունը իր լիազորությունների շրջանակներում շարունակում է գործունեություն ծավալել այս առումով», – ընդգծել է Անուշ Դոլուխանյանը: ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Նելլի Բաղդասարյանը համարում է, որ մենք պատմական փաստերը պետք է մղենք առաջին պլան: «44-օրյա պատերազմի ընթացքում միջազգային հանրությունն իր գործով փաստացի ցույց տվեց, որ մենք չենք կարող նրա վրա հույս դնել: Կարծում եմ, որ այս դեպքում դիվանագիտական կորպուսի աշխատանքների հիմքում պետք է լինի համապատասխան փաթեթների ձևավորումը»,- ասաց նա:

Lragir.am,
11-06-2021 18:15