Այդ խայտառակ բառապաշարը բնորոշ է և քաղաքական դաշտին, և հասարակությանը, և լրատվամիջոցներին

Էթիկայի կանոնների մասին խոսելիս՝ չպետք է միայն լրատվամիջոցներին հիշատակել․խայտառակ բառապաշարն այսօր բնորոշ է և քաղաքական դաշտին, և հասարակությանը, և լրատվամիջոցներին, մեկը մյուսին արժեն: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր. «Այսօր Հայաստանի լրատվական դաշտը, կներեք արտահայտությանս, վերածվել է իսկական աղբանոցի: Եվ մենք տեսնում ենք հետևյալը, ինչպես կարգավորել այդ դաշտը: Մենք պետք է նաև լրագրողական հանրությանը քաջալերենք, նաև օրենքով որոշակի մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի ստեղծվեն էթիկայի կանոններ»: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ էթիկայի նորմերն այսօր գործում են, դեռ 2007 թվականից ԶԼՄ-ների կարգավորման նախաձեռնություն էր ստեղծվել: «Բայց խնդիրն այն է, որ այդ նախաձեռնությանը միացան շատ սահմանափակ քանակի լրատվամիջոցներ: Մենք այդ էթիկայի վարքականոնի տակ սկզբում լավագույն դեպքում 18 ստորագրություն կարողացանք հավաքել: Բայց ընդլայնել երկար ժամանակ չէր ստացվում, որովհետև շատերն ուղղակի կամ արհամարհում էին, կամ ձև էին անում, թե չեն նկատում, որ այդպիսի գործընթաց կա: Լրատվական դաշտում գրեթե բոլոր հեռարձակողներն այն ժամանակ տոտալ վերահսկողության տակ էին գործող իշխանությունների կողմից: Եվ այդպես ամեն ինչ կանգ էր առել: Բայց այսօրվա ժամանակաշրջանում էթիկայի նորմերի խախտումը գրեթե համատարած բնույթ է կրում, և շատ հրատապ է դարձել, որպեսզի լրատվամիջոցներն այս կամ այն կերպ մասնակցեն ինքնակարգավորման գործընթացներին: Կամ ծայրահեղ դեպքում գոնե պետք է ունենան և իրենց կայքերում հրապարակեն իրենց էթիկայի վարքականոնը՝ միջազգային փորձը հաշվի առնելով: Ոչ մեկը դա չի ուզում անել, նույնիսկ այն լրատվամիջոցների մոտ, որոնք միացել են ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությանը, ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք էթիկայի նորմերի խախտում»,- ասաց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով՝ ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունն այսօր կարիք ունեն պրոֆեսիոնալ դաշտ վերադառնալու, որովհետև այդ ճնշող մեծամասնությունը բևեռացված է և սպասարկում է նախ և առաջ ինչ-որ քաղաքական հովանավորի շահերը: Իսկ այս պարագայում հանրային շահը լուրջ տուժում է ու մղվում երկրորդ պլան: «Այս առումով, իհարկե, լրատվական դաշտը շատ հաճախ հիշեցնում է աղբանոցի, որովհետև լի է ապատեղեկատվությամբ, ֆեյք լուրերով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով և զրպարտությամբ: Մաքրելու անհրաժեշտություն կա, բայց իրենք՝ լրատվամիջոցները պետք է գիտակցեն դրա անհրաժեշտությունը»,- հավելեց նա: Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մյուս կողմից, այսօր ընտրարշավի ժամանակ ունենք ամենացածր մակարդակի հռետորաբանություն, ինչն էլ արտացոլվում է մամուլում նաև: «Այսինքն՝ մեր քաղաքական վերանախավի բառապաշարը, հասարակության բառապաշարը և լրատվամիջոցների բառապաշարը մեկը մյուսին արժեն: Եվ պետք է չէ այսօր միայն լրատվամիջոցների մասին խոսել, այդ խայտառակ բառապաշարը բնորոշ է և քաղաքական դաշտին, և հասարակությանը, և լրատվամիջոցներին: Ուրիշ հարց է, որ ես կարծում եմ, որ այստեղ ավելի բարձր առաքելություն ունեն լրատվամիջոցները: Նրանք կարող են շտկել իրենց վիճակը, գործել պրոֆիսիոնալ դաշտում և առնվազն հասարակության վրա դրանով դրական ազդեցություն ունենալ: Բայց կրկին կա այն հարցը, որ քանի դեռ քաղաքական վերանախավն իրենց կողմից ֆինանսավորվող կամ հովանավորվող լրատվամիջոցներին հստակ հրահանգ չտան դադարեցնել այդ ամենը, շատ դժվար կլինի: Լրատվամիջոցներն իրենք կարող են նախաձեռնել դա, չնայած սա մի քիչ ռոմանտիկ մոտեցում է այսօրվա ջունգլիների պարագայում: Բայց ինչ-որ մի ձև պետք է սկսել այդ գործընթացը, որովհետև ավելի ցածր ընկնել այլևս հնարավոր չէ»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Նա նաև հավելեց, որ օրենսդրական կարգավորումներով ևս կարելի է իրավիճակը շտկել, բայց մինչ օրս ներկա իշխանությունների ներկայացրած օրենսդրական կարգավորումները ավելի շատ վնաս կարող էին հասցնել խոսքի ազատությանը, հետևաբար լրագրողական կազմակերպություններն ընդդիմացել են դրանց:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
11-06-2021 18:34