Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր ու Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին

11-06-2021 19:36

Հունիսի 20-ի ընտրություններից մեկ օր անց արձանագրվելու է, որ Հայաստանում հեղափոխությունը շարունակվել է, սակայն թավշյա մանդատը փոխարինվելու է պողպատյա մանդատով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Աչաջուրում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը մանրամասներ պատմեց նաև ԳՇ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ իր հարաբերությունների մասին. «Իմ՝ վարչապետ դառնալուց Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ պատերազմի ժամանակ, իմ նախաձեռնությամբ, գեներալ-գնդապետի կոչում: Երբ ես միջնորդել եմ իրեն ԳՇ պետ նշանակելու, ես իրեն ասել եմ՝ Օնիկ, ես մենակ մի բանից եմ վախենում, իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ ոչ՝ խնդիր չունես, մի անհանգստացիր: Ես Օնիկին վստահել եմ հարազատ եղբոր նման, ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Պատերազմի ընթացքում մենք եկել ենք այն եզրակացության, որ ես պետք է լսեմ միայն իր ասածը: Սակայն հետագայում՝ նոյեմբերի 20-ին, Օնիկը Սյունիքի մարզում հանդիպում է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, այս ընթացքում իմ մասին ամենավերջին բառերն են ասում, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն: Այդ երեկոյան Օնիկի նախաձեռնությամբ մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Այստեղ նա ինձ հորդորում է հրաժարական տալ: Ես էլ հորդորում եմ իրեն քնել, հանգստանալ ու մոռանալ այդ խոսակցությունը: Ես ասում եմ, որ անկախ ամեն ինչից՝ ուզում եմ իրեն լիարժեք վստահել: Դրանից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որոնցից ես համոզվում եմ, որ շատ բաներ պատերազմի ժամանակ ինձ ճիշտ չեն զեկուցվել: Այդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ: Ես կրկին հորդորում եմ Օնիկին դուրս գալ այդ տրամաբանությունից: Հետո ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն քայլ առ քայլ անցնում է ընդդիմության շարքերը: Վերջերս լուրեր են տարածվում, թե իբր ես նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել եմ ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին, ու թե իբր Օնիկն է ինձ հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրեմ: Իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է այն ստորագրել: Ես այդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրեն, համարել եմ, որ այդ մարդն այդպես է մտածել: Ես իրեն ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում: Ինչո՞ւ: Ես ուղղակի ասել եմ՝ ոչ, դա բացառված է, չեմ ստորագրելու էս տարբերակով փաստաթուղթը: Ինչո՞ւ է տարածվում հակառակ լուրը: Ինչո՞ւ է դա արվում: Ու հիմա վերլուծությունն ինձ լրիվ այլ հետևությունների է բերում: Կարո՞ղ է հընթացս ոչ թե ինչ-որ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն  կա, որ դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի-կտանի մեր կառավարությանն, այդ թվում՝ ինձ: Այն ժամանակ նման բան իմ մտքով էլ չէր անցնի: Ես իրեն անվերապահորեն եմ վստահել: Սակայն հիմա եմ հետահայաց վերլուծելով նման բան մտածում»:

Lragir.am,
11-06-2021 19:36