Հաստատվել է «Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի իրականացման» ուղեցույցը

11-06-2021 21:24

Գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով հաստատվել է «Երեխայի տեսակցության վերաբերյալ կատարողական վարույթի իրականացման» ուղեցույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը: «Նպատակն է այս խումբ կատարողական վարույթների իրականացման միատեսակ չափանիշների սահմանումը և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործումը: Մեթոդական ցուցումների հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից վերջին տարիներին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված մի շարք գրություններով բարձրաձայնված և Ուղեցույցի նախագծի մշակման փուլում Մարդու_իրավունքների_պաշտպանի_գրասենյակի հետ համագործակցության արդյունքում առանձնացված երեխայի տեսակցության վարույթներին առնչվող մի շարք հարցեր և արձանագրված խնդիրներ: Ուղեցույցով, ի թիվս այլնի, մեթոդական ցուցումներ են տրվել․ տեսակցության վարույթով հոգեբան-փորձագետ ներգրավելու, խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցության դեպքերի և կարգի, տեսակցության վայրին, ժամանակին, տևողությանը, տեսակցությանը հարկադիր կատարողի ներկայությանը, տեսակցության վարույթում առաջացող բարդ և խնդրահարույց իրավիճակներում երեխայի լավագույն շահի գործնականում ապահովմանն առնչվող բազմաթիվ հարցերի կապակցությամբ»,- գրել է Մարտիրոսյանը: Ուղեցույցն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ:

Lragir.am,
11-06-2021 21:24