ԱՄՆ-ն մեզ ձեռք է մեկնել, Ֆրանսիան, Իրանը մեզ ձեռք են մեկնել, մենք խեղդվում ենք, բայց չենք սեղմում այդ ձեռքերը

Մեր զրուցակիցն է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը Երեւանում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է իր մասնակցությունն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման հարցում: Նաև խոսել է արդարադատության ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում նրա այցը և մասնավորապես, արված հայտարարությունները: Մեր կառավարության ղեկավարների վարքը ոչ առաջին անգամ ինձ հիշեցնում է հին միջնադարյան մի հեքիաթ շատ մեծամիտ արքայադստեր մասին, որի մոտ գալիս են աշխարհի լավագույն փեսացուները, և նա մեկը մյուսի հետևից բոլորին հետ է ուղարկում, իսկ հետո մի գեղեցիկ օր, երբ արդեն ծերացած է լինում, զարմանում է, որ ոչ ոք իր մոտ չի գալիս: Ես ուզում եմ հիշեցնել մեր հանրությանը, հատկապես նրա գիտակից մասին, որ եղել են բազմաթիվ այլ հանդիպումներ, այլ առաջարկներ, եղել է, օրինակ, Բժեզինսկու զգուշացումը, եղել է ուղիղ ուղերձ ԱՄՆ-ից, 2018 թվականին Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն էր եկել և առաջարկում էր զենք, փող: 2017 թվականին ԱՄՆ դեսպան Նիլսը ԱՄՆ-ի պաշտոնական առաջարկն էր բարձրաձայնել՝ 8 մլրդ դոլարի ներդրում, որով մենք կկարողանայինք դուրս պրծնել ռուսական այդ էներգետիկ թակարդից և դեռ մեկ մլրդ դոլար մնալու էր: Այդ ամենը եղել է, եղել են առաջարկներ պատերազմի ժամանակ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Պատերազմից հետո եղել է Մինսկի խմբի երկու համանախագահների այցելություն, և Արցախի մարզպետ Արայիկ Հարությունյանը հանդգնել էր չընդունել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններին: Չմոռանանք այս ամենը, և այդ դեպքում այդ հիմար հարցը, թե բա ո՞ւր էր ձեր Արևմուտքը, այլևս չի հնչի: Պարոն Ռիքերի այցելությունը հերթական փորձն է ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի՝ հիշեցնել Հայաստանին ոչ միայն իր իրավունքների մասին, այլ նաև իր պարտականությունների մասին համաշխարհային ասպարեզում: Այդ պարտականությունն է, օրինակ, լինել պետություն, ոչ թե ուրիշ երկրի գաղութ, որովհետև հիմա մենք Ռուսաստանի գուբերնիա ենք և լինելով և համաձայնելով դրան, մեր հասարակության կողմից շատ տարօրինակ է սպասելիքներ ունենալ, որ ռուսական գուբերնիային կգան, կօգնեն: Նրանք ասում են՝ նախևառաջ ազատագրվեք, պետություն դարձեք, ձևակերպեք ձեր ազգային շահերը և հետո միայն եկեք խոսենք, թե չէ մենք ձեր մասին ստիպված ենք խոսել Պուտինի հետ, Էրդողանի հետ, անգամ Ալիևի հետ: Մենք հիմա եկել ենք այն աղետալի վիճակին, որում երբեք չենք եղել անգամ 100 տարի առաջ: Փաստորեն, ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգտականը գալիս է մի երկիր, որը չունի ԱԳՆ, որը չի կարող հանդիպել ԱԳ 4 փոխնախարարների հետ, որոնք հրաժարական են տվել: Այսինքն մենք չունենք դիվանագիտական համակարգ, մենք չունենք անվտանգության համակարգ, մենք չունենք բանակ, գլխավոր շտաբ, մենք չունենք հատուկ ծառայություններ: Դրանք բոլորը կամ ոչնչացված են, կամ գտնվում են ռուսական վերահսկողության տակ: Այսինքն Հայաստանը երբեք չի օգտվում իրեն ընձեռած հնարավորություններից: Այ հենց դա է խնդիրը: Իմ բերած օրինակը հենց դրա մասին է. արքայադուստրն արդեն այնքան գրավիչ էլ չէ և կարելի է ուրիշ գեղեցկուհիներ գտնել: Մենք չգիտես ինչու կարծում ենք, որ աշխարհը տասնամյակներով  փորձելու է մեզ գայթակղել, մեզ օգնել: Ոչ, շուտով գուցե Ադրբեջանն ավելի ժողովրդավարական երկիր կդառնա, Վրաստանը վաղուց արդեն անցել է, իսկ ես հիշում եմ այն տարիները, երբ Հայաստանը ԱՄՆ-ի կողմից համարվում էր ժողովրդավարության կղզի, և դա իսկապես իրականություն էր: Բացի դա, մենք արտադրում էինք աշխարհի ամենաթանկ պրոդուկտը՝ անվտանգությունը: Հայաստանն էր ապահովում անվտանգությունը հարավ-արևելյան Եվրոպայում: Մեր բանակն էր ապահովում դա, և դա ամենաթանկ արտադրությունն է աշխարհում: Հիմա մենք, փաստորեն, ոչ միայն անվտանգություն չենք արտադրում, մենք չենք էլ կարող սպառել այն անվտանգությունը, որը մեզ առաջարկում են: Մեզ առաջարկում են պաշտպանություն, առաջարկում են հովանավորություն, և մենք հիմա ընտրում ենք փաստացի Հյուսիսային և Հարավային Կորաների միջև: Մեր ժողովուրդն ամենայն լրջությամբ մտածում է՝ մնա՞լ Հյուսիսային Կորեայում, թե՞ համաձայնել այնուամենայնիվ, դառնալ զարգացած, քաղաքակիրթ պետություն: Ես որպես Եվրոպական կուսակցության նախագահ, ուղղակի խոսքեր չեմ գտնում և լուռ նայում եմ, սպասում եմ, թե երբ մարդիկ կգիտակցեն, թե ինչ ընտրություն է իրենց առաջարկվում: Դուք նշեցինք, որ ԱԳՆ-ում մարդ չկա, որ Ռիքերը հանդիպի, բայց փաստորեն հանդիպել է արդարադատության նախարարին, նշել է, որ կպահպանեն և կխորացնեն համագործակցությունը դատաիրավական  և ոստիկանության ոլորտում: Սրանք այն ոլորտները չե՞ն, որտեղ Հայաստանը ձախողել է: Ցավոք սրտի, չկա ոլորտ, որը մենք չենք ձախողել: Նա կարող էր հանդիպել տուրիզմի նախարարի հետ, մենք դա էլ ենք ձախողել, առողջապահության նախարարի հետ: Ամերիկացիները կգտնեն՝ ում հետ հանդիպել: Հիշենք, որ տարիներ շարունակ չէին հանդիպել, օրինակ, պաշտպանության նախարարի հետ, հանդիպում էին գլխավոր շտաբի պետի հետ, հիմա դա էլ չեն անում, որովհետև ԳՇ-ում չկա մարդ, որի հետ կարող են հանդիպել: Սա խայտառակություն է, սա ապտակ է, որը մենք չենք զգում: Վիճակն այնպիսի խայտառակ է, որ մենք այլևս չենք զգում, որ վաղուց մերկ ենք: Մենք սովորել ենք մեր մերկությանը, մենք այդքան ծիծաղելի երբեք չենք եղել, սա է ամենասարսափելին: Եվ մարդիկ, որոնք միլիարդներ են ծախսում, որպեսզի պահպանեն երկիրը և ժողովրդին կեղեքելու իրենց հնարավորությունը, իրենք էլ երևի չեն գիտակցում, թե ինչ են անում, ինչ են առաջարկում մեր ժողովրդին: Ելքը մեկն է. ԱՄՆ-ն պատահական չի եկել այստեղ: Եթե փիղը հյուր է գալիս կենդանական աշխարհի շատ ավելի փոքր ներկայացուցչի մոտ, ուրեմն պետք է գիտակցել, որ ձեզ առաջարկում են ինչ-որ կարևոր բան: Եթե մենք դա էլ չենք տեսնում, որ ԱՄՆ-ն մեզ ձեռք է մեկնել, Ֆրանսիան, Իրանը մեզ ձեռք են մեկնել, մենք խեղդվում ենք, բայց չենք սեղմում այդ ձեռքերը: Ինչպես պատերազմի ժամանակ ձևակերպել էր պարոն Փաշինյանը, մենք նախընտրում ենք ռուս խաղաղապահներին: Սա երևի նրա արտաբերած ամենասարսափելի և աղետալի բանաձևն է, ինչը ես լսել եմ վերջին տարիներին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
11-06-2021 21:41