Ռուսաստանն այլեւս փաստարկ չունի․ բլիցկրիգը չստացվեց

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, խոսելով ապաշրջափակման գծով եռակողմ հանձնաժողովի աշխատանքները վերսկսելու անհրաժեշտության մասին, ասել է․ «Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել ադրբեջանական նավահանգիստները Կասպից ծովում՝ Կենտրոնական Ասիայի երկրներ կամ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Հայաստան բեռների տեղափոխման համար»: Ըստ երեւույթին, Ռուսաստանն այլեւս չունի փաստարկներ: Ինչի՞ համար են պետք ադրբեջանական նավահանգիստները, եթե Հայաստանը կարող է Կասպից ծով դուրս գալ Իրանով: Առավել եւս, որ Ռուսաստանի փոխվարչապետն ասում է, որ «Հայաստանը կվերածվի Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սևծովյան նավահանգիստներին, ինչպես նաև Բալթիկայում և Խաղաղ օվկիանոսում գտնվող ռուսական նավահանգիստներն իրար կապող խոշոր միջազգային տրանսպորտային հանգույցի»: Մինչ օրս Մոսկվան չէր խոսում Հյուսիս-Հարավ ճանապարհի մասին: Ռուսաստանը, հիշատակելով Հայաստանի համար կենսական այդ ճանապարհը, փորձում է փաստարկներ գտնել՝ «ապաշրջափակման» իր տարբերակը Հայաստանին պարտադրելու համար: Մոսկվան այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչ կարող է տալ Հայաստանին իր տարբերակով «ապաշրջափակումը»: Փաստարկների բացակայությունը ցույց է տալիս իսկական նպատակները՝ վերասկողություն հաստատել մի տարածաշրջանում, որի բանալին Հայաստանում է: «Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է», ասել է Օվերչուկը: Մոսկվան փորձում է տիրանալ այդ բանալիներին: Օվերչուկը փաստացի խոստովանում է, որ Հայաստանի «անվտանգության միջանցքների» բաժանման «բլիցկրիգը» չստացվեց, Իրանի եւ Արեւմուտքի դիմադրության շնորհիվ: Եվ Մոսկվան անցնում է ավելի «երկարատեւ» պլանի:  ՌԴ փոխվարչապետի խոսքով, բոլոր հին հաղորդուղիներն անսարք վիճակում են, բացի այդ, «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, անցման կետեր, մաքսակետեր, այն ամենն, ինչ անհրաժեշտ է»: «Երբ գտնվեն բոլոր լուծումները, իսկ Ադրբեջանը և Հայաստանը որոշեն, որ պատրաստ են դրանք կյանքի կոչել, այդ ժամանակ հնարավոր կլինի շարունակել ճանապարհների վերականգնումը, ապա՝ տրանսպորտային կապերի վերսկսումը», ասել է Օվերչուկը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
11-06-2021 22:04