Ռուսների դավադիր միջամտությունը ամեն ինչ խառնեց իրար

Lragir.am-ի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Պարոն Հայրիկյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավը: Որպես Հայաստանի քաղաքացի, այսինքն՝ քաղաքական կյանքով հետաքրքրվող մարդ, շատ տխրում եմ, որ այսօր անմակարդակ իրավիճակում ենք, երբ ուժերից մի քանիսն ամեն սահման անցնում են: Հետո անհասկանալի էր իրավունքի տեսանկյունից՝ մասնավորապես, իշխանությունների կողմից քարոզարշավն սկսվել էր մինչև քարոզարշավի շրջանի ազդարարումը: Այսինքն՝ և իրավական, և բարոյական տեսակետից մտահոգիչ զարգացումներ կան: Ուրախ եմ, որ գոնե առայժմ բռնությունների չենք առնչվել, որ ամեն ինչ խոսքով է սահմանափակվում: Բայց խոսքերում հնչող խուլիգանական արտահայտությունները՝ քրեական մտածողությանը բնորոշ, նողկանք են առաջացնում: Ինչ սերունդ պետք է դաստիարակենք մենք այսպիսի քաղաքական գործիչների՝ ասպարեզում երևալու պայմաներում: Քաղաքական ուժերից ոմանք ընտրարշավի ժամանակ խոսում են ընտրություններից հետո Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն էլ ավելի խորացնելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունները: Առաջ ասում էին՝ գաղտնի գործակալ, հիմա, երբ պետության նման մի բան ենք, նրանք կոչվում են լրտեսներ: Երբ այս իրավիճակը, այդ դաշինքի հետևանքները տեսնող մարդը շարունակում է այս «դաշնակցի» հետ անգամ հարաբերություններ պահպանելու մասին խոսել, ուրեմն նա լրտես է: Կան, իհարկե, ողորմելի վախկոտներ, որ այն աստիճանի են ողորմելիացած, որ մտածում են՝ բա որ ավելի վատ լինի: Նրանք չեն հասկանում, որ ավելի վատ կարող է լինել միայն ստրկամտության պայմաններում: Սրանք, փոխանակ Մոսկվայի դավերն իր երեսին ասեն, լավին լավ ասեն, վատին՝ վատ, ասում են՝ Մոսկվան ինչ անում է, լավ է: Մենք 200 գերի ունենք իրենց մեղքով, եթե իրենց միջամտությունը չլիներ, մենք կարող է մի քիչ ավելի զոհ ունենայինք, բայց այս խայտառակ վիճակը չէր լինի: Այդ միջամտությունը, ռուսների առաջարկությունը ամեն ինչ խառնեց իրար: Ռուսաստրուկներից ոմանք էլ մեղադրում են, ասում են՝ ինչի՞ ավելի շուտ չէիր դադարեցնում պատերազմը: Ճիշտ է, պետք է պատերազմը դադարեցվեր, բայց ոչ Ռուսաստանի դավադիր միջամտությամբ, դա միջամտություն էլ չէ, դավադիր ներգործություն է: Այն, որ կան, եղել են ու կլինեն նման ուժեր, դա պարզ է, բայց այս պահին ընտրությունների առաջին գծում գտնվող հիմնական ուժերը, մեր դաշինքից բացի, բաղկացած են հիմնականում ռուսաստրուկներից: Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու մասին դիրքորոշումն ավելի շատ սերում է նրանից, որ այդ քաղաքական ուժերն այսօրվա իրավիճակը փոփոխելի չեն համարում: Քանի որ Ռուսաստանն էլ է մասնակցել այս դավադրությանը, նրանք ասում են՝ ուրեմն այդպես էլ պետք է մնա: Իսկ մեր դաշինքը՝ «Ազատ հայրենիքը», ասում է՝ անկախ նրանից ով է, սխալը սխալ է, ճիշտը՝ ճիշտ: Եվ մեր առաջին անելիքներից մեկն այն է, որ Արցախի հարցում վերականգնենք միջազգային կառույցների ներգրավվածությունը և կատարված սխալը հնարավորինս նվազեցնենք: Այսինքն՝ ռուսասեր ողորմելիների և առողջ մտածելակերպ ունեցող մարդկանց տարբերությունն այն է, որ մենք ուզում ենք ռուսների ձեռքով մեր գլխին եկած չարիքները՝ սկսած 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրից ու դրա հետևանքներից, որը մեր պետականության կորուստն էր, վերջացրած նոյեմբերի 9-ի ու դրանից հետոյի խայտառակությունները, վերացնենք: Եթե չենք կարող վերացնել, գոնե ասենք՝ մենք չենք ընդունում սա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
11-06-2021 23:33