Ընդունվում են հայտեր «Յոթը սարի ետևում 2021» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի մասնակցության համար

11-06-2021 23:53

Հովհաննես  Թումանյանի թանգարանը  հունիսից-սեպտեմբեր ամիսներին իրականացնում  է  «Յոթը սարի ետևում 2021» խորագրով հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը: Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությանն են միացել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը», Հայաստանի պատմության թանգարանը,  «ԱրխիոԱրտ և Լաբ» ՀԿ-ն, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը,  «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը, ինչպես նաև մարզային մի շարք կառույցներ: Նախագծի նպատակն է պատանիներին օգնել ճանաչելու հայրենի բնակավայրը, խթանել և նպաստել համայնքային մշակութային ժառանգության ուսումնասիրմանը, պահպանմանը և հանրայնացմանը: Փառատոնի թե´ անհատական և թե´ խմբային մասնակիցները դառնում են «հետախույզ-գիտնականներ», որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը: Ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը, գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն: Լավագույն ուսումնասիրություններն արժանանալու են հատուկ մրցանակների: Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար հարկավոր է պարտադիր ծանոթանալ  կանոնակարգին  (անցնել հղմամբ՝ https://bit.ly/3w10gTo)  և լրացնել մասնակցության հայտաձևը: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 010) 56 00 21 հեռախոսահամարով (էլ. փոստ՝  [email protected], ֆեյսբուքյան պաշտոնական խումբ և էջ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոն): ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Lragir.am,
11-06-2021 23:53