ՊՆ տարօրինակ հայտարարությունը․ Մոսկվան ու Բաքուն պահանջում են սահմանի հենց այդ հատվածի «դեմարկացիա»

12-06-2021 23:06

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Սև լճի շրջանում Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման մասին տարածվող լուրերին: Անկախ սկզբնաղբյուրի անորոշ լինելուց, հաղորդագրությունից տպավորություն է ստացվում, որ ՊՆ-ն զեկուցում է իրավիճակի մասին ինչ որ մեկին, հնարավոր է՝ նույնիսկ ոչ Հայաստանում: Ավելին, տպավորություն է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը «տրոհված» է եւ նրա մի մասը զեկուցում է մյուսի գործողությունների կամ անգործունեության մասին: Պետական ինստիտուտների ինքնակազմաքանդման գործընթացը ՀՀ Նախագահի եւ ԱԺ խոսնակի մակարդակների վրա, որին Լրագիրը բազմիցս անդրադարձել է, չէր կարող շրջանցել նաեւ պաշտպանական գերատեսչությանը: Երեքն էլ անվանաբար մեկ պետության մասեր են: Վեպի ծավալ ունեցող ՊՆ հայտարարության մեջ խոսքը Սյունիքի մարզի այն հատվածի մասին է, որն աստիճանաբար դառնում է հանգուցային: Նիկոլ Փաշինյանն արդեն ակնարկել է այդ մասին, որ դա Հայաստանի «ամենանեղ մասն է», եւ Բաքուն պատահական չէ ներխուժել Սեւ լճի տարածքը: Դեռեւս նոյեմբերի 9-ից հետո Մոսկվան ու Բաքուն խոսում էին ոչ թե միջանցքի, այլ միջանցքների մասին, եւ խոսքը այդտեղով դեպի Նախիջեւան հավանական երկրորդ ճանապարհի մասին է, Մեղրիից բացի, որտեղ արդեն տեղակայվում են ԷֆԷսԲէ-ի ստորաբաժանումները: Նիկոլ Փաշինյանը խոսում է Խոզնավարից Սոթք հատվածում ռուս սահմանապահների տեղակայման մասին: Ինչո՞ւ սահմանի հենց այդ հատվածը: Հաջորդը Սոթք-Սեւան երրո՞րդ «միջանցքն» է լինելու: Մոսկվան ու Բաքուն պահանջում են սահմանի հենց այդ հատվածի «դեմարկացիա», իսկ Մոսկվայի առաջնորդությամբ Բաքվի ներխուժումներն ու ռուսական զորքերի տեղակայումը համընկնում են հենց այդ հատվածներին, այդպիսով օտարելով Հայաստանի տարածքի նոր կտորներ: Իսկ մեր բանա՞կը: Ո՞րն է Վաղարշակ Վառնազովիչի դերը տարրական տրամաբանությունից զուրկ հայտարարություններ տարածելու մեջ: Ստեղծված իրավիճակի մասին արդեն չենք խոսում: Որքանով է «պարտության գլխավոր խորհրդականը» համապատասխանում սողացող կապիտւլյացիայի գործընթացին: Տպավորություն է, որ լրիվ:

Lragir.am,
12-06-2021 23:06