Հայաստանում դարձյալ գործի են դրվում հին մեթոդները

Նախընտրական քարոզարշավի փուլում Հայաստանում դարձյալ գործի են դրվում հին մեթոդները․ այս փուլում ընտրակաշառքի խոստումների կամ բաժանման մասին ահազանգեր կան: Իրավապահ մարմիններն արդեն ընտրակաշառքի գործով ձերբակալություններ են արել: Դատախազությունն օրերս հայտնեց Գավառի տարածաշրջանի ընտրողներին բնամթերային տեսքով կաշառք տալու դեպքի մասին: Այս գործով երկու անձ է ձերբակալվել, որոնցից մեկը ԲՀԿ-ական թեկնածու Արամայիս Ապրոյանն է: Մյուս գործը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին հնարավոր կաշառք բաժանելուն է վերաբերում: Ձերբակալվել է նույն դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով, ըստ գործի նյութերի, հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու և Ջանֆիդա գյուղի բնակիչների շրջանում ընտրակաշառք բաժանելու համար 9 միլիոն դրամ գումար էր փորձել փոխանցել բնակիչներից մեկին: Մամուլում ևս տարբեր տեղեկություններ կան` ընտրակաշառք բաժանելու կամ մարդկանց ֆինանսական խնդիրները լուծելու խոստումների մասին: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, «Հայաստան» դաշինքի կողմից մարդկանց գումարի խոստում է տրվում, իսկ գումարը խոստանում են վճարել ընտրությունից հետո, երբ ընտրողը քվեախցիկից կհանի իշխանական ուժի քվեաթերթիկը: Ըստ հրապարակումների՝ Քոչարյանի թիմը տարբեր մարզերում մինչև 1-1.5 միլիոն դրամ վարկեր ունեցող քաղաքացիների վարկերը մարում է՝ փոխարենը յուրաքանչյուրից պահանջելով 50-ական ձայն՝ ցուցակագրված, անուն-ազգանուններով և անձնագրային տվյալներով: ԲՀԿ-ն ևս, ըստ լուրերի, անցել է գործի: Արարատի մարզում փակցրել են հայտարարություն,  ըստ որի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրահանգով այս տարվա հունիսի 6-ից Մասիսի կոնյակ-գինու գործարանի ներկայացուցիչները լինելու են Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղերում և տեղում գյուղացիների հետ կնքելու են խաղողի մթերման պայմանագրերը: «Բոլորին խնդրում ենք նեղություն չկրել և չգնալ գործարան պայմանագրերի համար»,- նշվում է այդ հայտարարությունում: Իշխանությունները գարնանը հայտարարեցին, որ ընտրակաշառքի ու ընտրական հանցագործությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար խստացնում են օրենսդրությունը: Մայիսի 7-ին ուժի մեջ են մտել ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է: Այն կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: Ընտրակաշառքի վերաբերյալ ահազանգերը հիմնականում կապվում են ընտրապայքարին մասնակցող նախկին իշխանությունների, ինչպես նաև ԲՀԿ-ի անվան հետ: Իր հերթին, նախկինները իշխող ուժին մեղադրում են վարչական ռեսուրսի լիրառման համար: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հայտարարել է․ «Նրանք, ովքեր ժողովրդի կամքի վրա ընտրակաշառքով ապօրինի ազդեցություն են ուզում գործել, հայտնվելու են ճաղերի հետևում»: «Անկախ դիտորդ» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասել է, որ դիտորդների կողմից հավաքագրված ահազանգերի մի մասը, որոնք վերաբերում են ընտրակաշառքին, կապվում են ներկայիս ընդդիմադիր ուժերի հետ:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-06-2021 09:52