ԱՄՆ-ն գերիների մեծ խմբի վերադարձով կտրուկ փոխում է իրավիճակը․ Ռուսաստանը չէ՞ր ուզում, թե չէր կարողանում

13-06-2021 10:43

Երեկ ԱՄՆ միջնորդությամբ, որին ներգրավվեց նաեւ Վրաստանը, ազատ արձակվեցին Բաքվում պահվող 15 հայ ռազմագերիներ: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի՝ Թբիլիսի-Բաքու-Երեւան կրկին Թբիլիսի մաքոքային շրջագայությունն անկասկած կապված չէր միայն գերիների հարցի հետ եւ ազդարարում է ԱՄՆ ակտիվ ներգրավումը Հարավային Կովկասի գործընթացներին, որից ԱՄՆ-ն «դուրս էր մնացել» Թրամփի օրոք՝ Պուտին-Էրդողան տանդեմին վերջինիս տված քարտ-բլանշի արդյունքում: ԱՄՆ ակտիվ ներգրավումն ազդարարվեց Բայդենի վարչակազմի հաստատումից հետո: ԱՄՆ-ն չի ընդունում եռակողմ փաթեթը որպես կարգավորում եւ պնդում է միջազգային մանդատ ունեցող եռանախագահության շրջանակում խնդիրների կարգավորման վրա: Գերիների զգալի խմբի վերադարձն անկասկած ԱՄՆ դիրքորոշման հավաստում է, որ խնդիրները կարող են լուծվել այդ համատեքստում: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը դրա վկայությունն է: Պաշտոնական Երեւանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին ու Վրաստանին, Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներին, Եվրամիությանը: Ռուսաստանն իր եռակողմ փաթեթով հանդերձ, մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում՝ այդ փաթեթը «լեգիտիմացնելու» նպատակով: Սակայն դրա հնարավորությունները գնալով նվազում են, եւ Ռուսաստանն իր քաղաքականության արդյունքում ավելի ու ավելի փակուղային իրավիճակում է հայտնվում: Մասնավորապես, նույն գերիների կապակցությամբ հարցեր են առաջանում․ Ռուսաստանը չի՞ կարողանում, թե չի ցանկանում լուծել այդ խնդիրը: Երկու դեպքում էլ պատասխանը Մոսկվայի օգտին չէ թե քաղաքական, թե իմիջային մակարդակում: Իսկ Բաքվի հետ ռազմավարական գործակցության վերաբերյալ պարբերաբար արվող հայտարարությունները միայն ընդգծում են Մոսկվայի հստակ դիրքորոշումն այս հարցում: Բանն այն է, որ գերիներին չվերադարձնելով, խախտվում էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի հեղինակն ու երաշխավորը Ռուսաստանն է: Ավելին, Մոսկվան Բաքվի առաջ ոչ միայն նման պահանջ չի դրել, այլեւ այդ հարցադրումներին ի պատասխան կրկնում է «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» մանթրան, բավական բաց տեքստով հայկական կողմին ներկայացնելով պահանջներ միջանցքների եւ պատերազմի արդյունքը ճանաչելու հարցերում: Գերիներն իրականում պատանդներ են՝ Հայաստանին զիջումներ ու որոշումներ պարտադրելու համար: Մուրադովի մի քանի գերիներով ու հաճախ էլ՝ դատարկ ինքնաթիռները Մոսկվայի քաղաքականության ցուցադրական արդյունքը դարձան: Դրանում Մոսկվան ոչ մեկին չի կարող մեղադրել: Բաքվում ուշագրավ մեկնաբանություններ են ԱՄՆ միջնորդությամբ գերիների վերադարձի կապակցությամբ, որին դեռ կանդրադառնանք: Գերիների խմբի վերադարձի դիմաց ականապատ քարտեզները Բաքվին հանձնելն առանձին թեմա է, որին նույնպես կանդրադառնանք:

Lragir.am,
13-06-2021 10:43