Մեծ յոթնյակը նոր նախագիծ է սկսում․ այլընտրանք Հայաստանի համար

Մեծ յոթնյակի (G7) երկրները, որոնք հավաքվել են անգլիական Քոռնուոլում հերթական վեհաժողովին, պատրաստվում են հայտարարել նոր գլոբալ նախագծի մասին, որը պետք է հակակշիռ դառնա չինական բազմատրիլիոն «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությանը, հայտնել է ԱՄՆ վարչակազմի անանուն ներկայացուցիչը: Ինչպես գրում է Դոյչե վելլեն, պաշտոնյան չի մանրամասնել, թե որ ֆինանսական աղբյուրներից է սնվելու Build Back Better for the World նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում է հարյուրավոր միլիարդներ ներգրավել: Չինական BRI նախագծի շրջանակներում Պեկինը 100-ից ավելի պետությունների հետ պայմանագրեր է ստորագրել երկաթուղիների, ավտոճանապարհների, կամուրջների եւ այլ ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ: Սակայն BRI օպոնենտները կարծում են, որ Չինաստանի հետ պայմանագրեր ստորագրած երկրները դրանով կախվածության մեջ են ընկնում Պեկինից: Բաքվի պաշտոնյաներն ու փորձագետները պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքը», որը Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են բացել Հայաստանի ինքնիշխանության հաշվին, պետք է չինական մեծ նախագծի մաս դառնա: Հնարավոր է, հենց այդ հաշվարկով է Չինաստանը 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի խնդրանքով վետո դրել Արցախի պատերազմը կանգնեցնելու եւ միջազգային խաղաղապահներ մտցնելու մասին որոշմանը, իսկ Թուրքիան էլ խոշոր պրեֆերենցիաներ էր խոստացել Պեկինին: Հյուսիս-Հարավ նախագիծը, որը պետք է Սեւ ծովը Հայաստանով միացնի Պարսից ծոցի եւ այնտեղից Հնդկաստանի հետ՝ այլընտրանքային ճանապարհ է: Մոսկվան ու Անկարան ձգտում են խափանել այն, Հայաստանը Իրանից կտրելու եւ Հայաստանի հարավը զավթելու միջոցով: Ի դեպ, Քոռնուոլի վեհաժողովին հրավիրվել է նաեւ Հնդկաստանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
13-06-2021 14:38