Մեր թշնամին բանդիտական պուտինիզմի տակ հանդես եկող իմպերիան է

Lragir.am-ի զրուցակիցն է ռեժիսոր Հրանտ Վարդանյանը Պարոն Վարդանյան, Հայաստանում նախընտրական փուլ է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում քաղաքական ուժերի կողմից, սրվել է ատելության մթնոլորտը: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը: Կարծում եմ՝ շատ կուտակված խնդիրներ ունենք, և մենք ինքնամաքրման էտապ ենք անցնում, որը հասել է արդեն ամենահատակին՝ հայհոյախառն, լրբանման արձագանքեր ու պատասխաններ ենք տեսնում: Բայց այս էտապը մենք պետք է անցնենք, որպեսզի ժողովուրդը տեսնի, թե ով ով է, ինչ վիճակում ենք գտնվել մենք և ինչ պետք է անենք, որ այս թյուրիմացությունից դուրս գանք: Մենք հայտնվել ենք մի կոլապսի մեջ, որի մեղավորը միայն մենք ենք՝ մեր հասարակությունը և նշանակովի ղեկավարությունը: Դուք սոցիալական ցանցում պարբերաբար գրում եք այն մասին, որ իրականում երկու ընտրություն ունենք հիմա՝ կամ ազատվում ենք գաղութատիրությունից, կամ․․․ Ես շատ սուր եմ այդ մասին արատահայտվում հաճախ, որ մարդիկ մտածեն այդ ուղղությամբ: Իմ կարծիքով՝ երբ մարդը կամ երկիրը գաղութացված է, գտնվում է պարալիզացված, կիսամեռ վիճակում: Այսինքն՝ նրա ոչ իրավունքները, ոչ ձայնը, ոչ հնարավորությունները չեն ձևակերպվում այնպես, ինչպես հասարակությունն է կամենում, որովհետև կալանավորվածը ենթարկվում է գաղութային ռեժիմին: Միշտ էլ ինչ-որ խոչընդոտների ենք հանդիպում, որովհետև այդ խոչընդոտները գաղութարարի կողմից են ստեղծվում՝ սեփական նպատակներից ելնելով: Կարծում եմ՝ ցանկացած ընդվզումները խեղդելը Հայաստանում նույնպես գաղութարարի հրամանով է կատարվել, ուղղակի մեր տեղական ստահակների ձեռքով և ուժային միջոցներով: Մենք այսօր կիսագաղութացված վիճակում ենք, որից, տա Աստված, որ շուտ ազատվենք: Հարցը կոնկրետ Ռուսաստանը չէ: Եթե գաղութատեր լիներ մեկ այլ երկիր, միևնույն է, ես նույնը կասեմ, որ արժանապատիվ ապրելու, քո երկրին տեր կանգնելու համար ազատությունն է կարևոր: Միայն ազատության մեջ է մարդու պատասխանատվությունը դրսևորվում: Անազատ մարդը, անազատ երկիրը միշտ գտնում է պատճառներ, որպեսզի արդարացնի իր արած սխալներն ու չլուծվող հարցերը, որովհետև կա մեկը, որը դրա համար պատասխանատու է,անգամ եթե չի երևում: Այսինքն՝ մենք համաձայնվել ենք, որ մեր փոխարեն ուրիշները մեր հարցերը լուծեն, որ մենք մասնակիցը չլինենք, իսկ Ռուսաստանի նման բարեկամը, բարեկամությունն այս կերպ է ընկալվում՝ նա տիրողն է, իսկ մենք ենթարկվողը: Քսանմեկերորդ դարում այս վասալական պայմաններում ապրելն անընդունելի է, անպատվաբեր է այսպիսին լինելը, նման պայմաններում ոգով ուժեղ սերունդ կրթելն ու մեծացնելն է խնդիրը: Ինչպե՞ս պետք է դուրս գանք այս վիճակից: Ես կարծում եմ՝ գիտակցության խնդիր կա: Հասարակության գիտակցությունը պետք է հասունանա այն մակարդակի, որ հասկանան՝ անհնար է լավագույն երկիր կառուցել այս պայմաներում: Աշխարհի ազգերի ընտանիքում քո տեղը գտնելու համար առաջին հերթին պետք է գաղութի վիճակից ազատվես, հետո նոր սկսես պահանջներ ներկայացնել, քո իրավունքների կուտակված հարցը բարձրացնել: Մեր ինքնիշխանությունը վտանգվա՞ծ է: Մեր ինքնիշխանությունը տեղի չի ունեցել, որովհետև նրա անվտանգությունը կառավարվել է կրեմլյան ԿԳԲ-ի միջոցով: Ի սկզբանե, երբ փլուզվում էր Սովետական միությունը, շատ հարցեր այդպես էլ կիսատ մնացին: Եվ մենք չգնացինք անկախության, ինքնիշխանության ճանապարհով, այլ թելադրվեց Արցախն ազատագրելու ճանապարհը, որի վճիռը Կրեմլին էր պատկանում, մենք մութ սենյակում սկսեցինք սև կատվի փնտրտուքը: Իհարկե, մեզ հաջողվեց Արցախի ազատագրումը, բայց էլի մնաց կիսատ, որովհետև պիտի գաղութից դուրս լինես, որ կարողանաս քո հարցերը լուծես վերջնական: Ի սկզբանե, ոչ թե հարցերը միջազգային հանրության կամ Ադրբեջանի առաջ պետք է դնեինք, այլ նրանց դիմաց, ովքեր այդ հարցն այդպես են որոշել՝ բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդ ՌԴ-ի: Այսինքն՝ եթե Ռուսաստանը Սովետական երկրի իրավահաջորդն է հանդիսանում, ուրեմն իրենք պետք է դատապարտեին Ստալինյան այդ որոշումները՝ տարբեր հանրապետություններում կողպեքներ դնելու ստոր հնարքները, որպեսզի երբ երկիրն ուզենա անկախանա ու առանձնանա, այսպիսի չլուծվող խնդիրներ ունենա: Դրա բանալին մինչև այսօր էլ մենք Կրեմլի գրպանում ենք թողել: Այնինչ՝ մենք հարցը հենց նրանց առաջ պետք է դնեինք, որովհետև նրանց կոտրված ձեռքով է ոչ միայն այս ամենը տեղի ունենում, այլ նաև Բոլշևիկյան կառավարություն-Քեմալ համատեղ միջոցառումներն են մեզ բաժան-բաժան արել: Մինչ օրս դա շարունակվում է, բայց ես կարծում եմ, որ աշխարհը փոխվում է, նաև հայացքներն են փոխվում: Եվ այսօր հայ ժողովուրդը շատ ավելի լավ է գիտակցում, թե ինչ է կատարվել, որովհետև վերջին պատերազմի խեղկատակությունը և սրիկայությունը մարդիկ իրենց մաշկի վրա զգացին: Խեղկատակություն ասելով՝ ես նկատի ունեմ մեր սուտ բարեկամությունը փչած դաշնակցի հետ: Եվ մենք հասկացանք, որ մեր միակ կռվողը, ով 44 օր դիմակայեց երեք պետության ուժերի դեմ՝ մեր զինվորն էր, որին դավաճանաբար վերաբերվեցին օտարին ծառայողները, այսինքն՝ մեր միջի որոշ սրիկաները: Որովհետև, եթե բանակդ, ազգային անվտանգությունդ և մնացած կարևոր կառույցներդ դեռ կառավարվում են Կրեմլի կողմից, որը դաշինք է կազմում թուրք-ադրբեջանական տանդեմի՝ այսինքն՝ մեր թշնամիների հետ, պարզ է դառնում, որ մենք նրա համար ոչինչ ենք, նա իր առևտուրն է անում: Իրենց առանձնապես մեղադրելու չէ, որովհետև թշնամուդ պետք է չմեղադրես, թշնամուդ դեմ պետք է հակահարվածներ ունենաս: Հակահարվածներից մեկն էլ՝ քանի որ դու կարևոր երկիր ես էս տարածաշրջանում, պետք է հարցերն այնպես դրած լինեիր, որ չկարողանային որևէ խաղ խաղալ մեր գլխին: Բայց մենք մեր լղոզված, լպրծուն գյադեքի շնորհիվ ամբողջ երկիրը հանձնեցինք օտարներին՝ սուտ ու մանր պարտքերի դիմաց: Այդ պարտքերն այն քանակի չէին, որ նման գործարքներ արվեին, կարելի էր այլ կերպ լուծել դա: Ես հույս ունեմ, որ մոտ ժամանակներում շատ բան կփոխվի, մարդկանց հայացքները կփոխվեն, տրամադրությունները կփոխվեն: Աստծու սիրուն, ես ռուս ժողովրդի հետ թշնամանալու խնդիր չունեմ: Մենք այդպիսի հարց չենք հետապնդում, խնդիրը բանդիտական Կրեմլն է, որն ավելի վատ է վերաբերվում իր ժողովրդին, իսկ օտարներին՝ առավել ևս: Մեր թշնամին ոչ թե ռուս ժողովուրդն է, այլ բանդիտական պուտինիզմն ու դրա տակ հանդես եկող իմպերիան: Թող ազատագրվի Ռուսաստանն այդ աղբից, որպեսզի մեր բարեկամական հարաբերությունները դառնան իրական:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
13-06-2021 19:02