Մանդատ հայրենիքի դիմաց․ Էդմոն Մարուքյանը միացավ

13-06-2021 19:34

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ մի քաղաքական ուժ չի ասում, որ մենք կարող ենք չեղարկել, որովհետև կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ դրա չեղարկումը նշանակում է նոր պատերազմ, լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը: Հետո նա երկար-բարակ դատողություններ է անում գերիների խնդրի, կոմունիկացիաների բացման կարեւորության, Հայաստանի ռազմական կարողությունների անբավարարության եւ այլնի մասին: Սակայն բանալի բառ-արտահայտությունն այստեղ եռակողմ հայտարարության չեղարկման բացառումն է: Չեղարկումը նշանակում է պատերազմ, ասում է նա, կրկնելով Մոսկվային ու Բաքվին: Կարող էր նաեւ ուղիղ կրկնել Պուտինին՝ դա ինքնասպանություն կլինի Հայաստանի համար: Նկատենք՝ եռակողմի չեղարկումը պատերազմի սպառնալիք կամ ինքնասպանություն կլիներ ոչ թե Բաքվի, այլ Հայաստանի համար: Այսպիսով, Էդմոն Մարուքյանը միանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ին ու մյուս ռուսանպաստներին, Մոսկվային ու Բաքվին: Նրանց բոլորին միավորում է Հայաստանի դեմ «եռակողմ հայտարարության անվերապահ կատարումը», հանուն մոսկովյան սցենարով «երկբեւեռ ընտրությամբ» խորհրդարանի մանդատների: Խնդիրը եռակողմի չեղարկումը չէ, այլ դիմադրությունը եւ ռազմավարական որոշումների կայացումը նույն այդ եռակողմի դրույթների՝ Մոսկվայի ու Բաքվի կողմից խախտումների ուժով: Հանուն արդարության նշենք, որ Լուսավոր Հայաստանը փորձեց քննարկման դնել Արցախի կարգավիճակի հարցը, սակայն շատ արագ հետ կանգնեց, պատճառաբանելով, թե դա վտանգ կսպառնա մարդկանց կյանքին: Ընդ որում, եթե իշխող ուժը կաշկանդված է եռակողմը ստորագրելու պատճառով, ընդդիմությունը պետք է ստանձներ դիմադրության առաքելությունը: Այնինչ, ընդդիմության ռուսանպաստ այս հատվածը գնաց լիովին հակառակ ուղղությամբ, Լավրովի պլանի իրագործման կանաչ լույս վառելով ներսից: Դժվար է ենթադրել, թե քաղաքական հավակնություններ հայտնող այդ ուժերը չեն հասկանում, թե ինչ է կատարվում, եւ Ռուսաստանին արդարացնող հայտնի ապուշությունները կամ քաղաքական անհամարժեքության, կամ կոլաբորանտ չկոչվելու եւ մանդատների համար են: Իսկ Հայաստանում արդեն բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում: Առաջիկա քվեարկությանը հանրության ընտրության չափորոշիչը չափազանց հստակ է՝ պետք է մերժվեն Լավրովի ծրագրին հավատարմություն հայտնած ուժերը:

Lragir.am,
13-06-2021 19:34