Իրանը զգայնությամբ հետևում է Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային փոփոխությունների դեպքերին

Մեր զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը Պարոն Շահմուրադյան, հունիսի 18-ին Իրանում նախագահական 13-րդ և տեղական խորհուրդների 6-րդ ընտրություններն են: Նշվում է, որ կանխատեսելի արդյունքներով ընտրություններ են լինելու: Ինչպե՞ս եք Դուք գնահատում: Իրանում նախագահական ընտրություններին մնացել է 7օր, այսօր տեղի կունենա 7 թեկնածուների 3-րդ և վերջին փուլի հեռուստաբանավեճը, որը որոշիչ դերակատարություն կարող է ունենալ ժողովրդի կողմնորոշման և ընտրություններին մասնակցող զանգվածի ձայնի վրա: Գիտեք, Իրանում ցանկացած հանրային  ընտրություն բավականին բարդ պրոցես է անցնում՝ սկսած թեկնածուների իրավասությունը հաստատելուց մինչև ընտրությունների կայացումը, բայց հետաքրքիրն ընտրությունների արդյունքների անկանխատեսելիությունն է և այն, որ վերջին րոպեներին քվեարկող զանգվածը որ թեկնածուի օգտին է ձայն տալիս և ինչ արդյունքներ են սպասվում ընտրապայքարից հետո: Իրանի նախագահական բոլոր ընտրությունների վերաբերյալ ներքին քաղաքական տարբեր շրջանակների և արտերկրի հետազոտական ինստիտուտների կողմից բազմիցս կանխատեսումներ են կատարվել, սակայն մի քանի բացառությամբ, դրանք չեն համապատասխանել իրականությանը: Իրանի ժողովուրդը ներքին տարերային քաղաքական բնազդով մասնակցել է ընտրություններին և անակնկալներ է առաջացրել արդյունքների վրա: Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ թեկնածուների զգալի մասը կապված է երկրի պահպանողական, ինչպես այստեղ է ասվում՝ հեղափոխական սկզբունքային թևի ուժերի հետ: Սա ընտրությունների ընտրական միջավայրը մի փոքր սահմանափակում է, չնայած հենց այդ թևի թեկնածուների շրջանում, ըստ կատարված հեռուստաբանավեճերի արդյունքների, տեսակետների զգալի տարբերություն կա երկրի հիմնահարցերի և տնտեսական զարգացման հարցերի վերաբերյալ: Անցած 2 հեռուստաբանավեճերում քննարկված հիմնական թեմաները եղել են տնտեսական ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը, սոցիալական հարցերը, կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական և ֆինանսական պատժամիջոցմների չեղարկումը և Իրանի իսլամական համակարգի պահպանումն ու հզորացումը: Մանրամասն չեն քննարկվել երկրի արտաքին քաղաքականության ուղղությունների և հետագա ռազմավարության հեռանկարը ճշտորոշելու հարցերը, ինչը ենթադրել է տալիս, որ թեկնածուները հստակ ծրագիր կամ պատկերացում չունեն արտաքին քաղաքականության քայլերի մասին: Հաշվի առնելով անցած երկու շրջանում չափավորական թևի ձախողած քաղաքականությունը կապված ՀԳՀԾ-ի բանակցությունների և Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու անարդյունավետության հետ, նաև ներքին տնտեսական քաոսային իրավիճակը և գնաճի ահավոր ցուցանիշերը, կարծում եմ այս ընտրություններում Իրանի ժողովուրդը ավելի շատ հակված կլինի քվեարկել պահպանողական թևի ամենանշանավոր թեկնածու Այաթոլլահ Ռեիսիի օգտին: Նա բանավեճերում նշել է, որ եթե կարողանան հանսել պատժամիջոցների չեղարկման, դիմադրողական տնտեսության լուծումներ կիրառել, ապա երկրի տնտեսությունը կարող է առաջ շարժվել: Իհարկե, մյուս թեկնածուները ևս նման հայտարարություններ արել են, բայց հաշվի առնելով այաթոլլահ Ռեիսիի ներկայիս պաշտոնը, որպես երկրի դատական ուժի ղեկավար և նրա ավելի բարձր դիրքը երկրի բարձրագույն ղեկավարության շրջանակում, կարծում եմ նրա հաջողության շանսերը ավելի մեծ են: Չնայած Իրանում ընտրությունների արդյունքների  կանխատեսումը  մի փոքր դժվար է և անպայման առաջիկա օրերին նորից տեղի կունենան անակնկալներ: Իրանում իշխանափոխության արդյունքում հայ–իրանական հարաբերություններում որևէ փոփոխություն սպասվո՞ւմ է: Սա կախված է նախ Իրանում նախագահական ընտրությունների արդյունքից, ինչպես նաև Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքից, թե ինչ արտաքին և տարածաշրջանային քաղաքականության է որդեգրելու Հայաստանը իր հարևան երկրների հետ: Ներկայում գոնե Իրանի կողմից ականատեսն ենք Հայաստանի ուղղությամբ տնտեսական քաղաքականության զգալի դինամիկայի և համատեղ տնտեսական, տրանսպորտային, ապրանքափոխանակման ծավալների ավելացման և համատեղ նախագծերի․ այդ թվում Հյուսիս-Հարավը: Հուսով եմ, որ դրան կհաջորդի Իրանից Հայաստանի տարածքով դեպի Վրաստան և Եվրոպա  գազի և այլ էներգակիրների տարանցման խողովակագծի նախագծի իրականացումը: Այս նախագծերը գոնե Իրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մեծ ծրագրեր են, որտեղ Իրանը պատրաստ է մեծ ներդրում կատարել: Սակայն, Հայաստանի կողմից ինչ-ինչ անհայտ կամ հայտնի պատճառներով չկա կամք ու վճռականություն, և այդ ծրագրերի չիրականացման գլխավոր մեղավորը Հայաստանն է, որը իր հույսերը միշտ կապել է տարածաշրջանային այլ ուժերի շահերի հետ: Համենայնդեպս Իրանը Հայաստանի նկատմամբ ունի հստակ տնտեսաքաղաքական երկարատև և անփոփոխ ծրագիր, որի կյանքի կոչելու 50 տոկոսը կապված է էլի ՀՀ-ում ձևավորվելիք կառավարության կամքի ու ցանկության հետ, թե Հայաստանի իշխանությունները, այլ ուժերի ազդեցությունից անկախ, որքանով պատրաստ կլինեն համագործակցել Իրանի նոր կառավարության հետ տարածաշրջանային ծրագրերը համատեղ ջանքերով խոսքից գործի և թղթից կենդանի աշխատանքի վերածելու ցանկությամբ: Ընդհանրապես, հայ–իրանական հարաբերությունների որոշակի աշխուժացումը որքանո՞վ միս ու արյուն կստանա, որքանով կմնա թղթի վրա: Ցավոք մինչ այժմ այդ համագործակցությունը և տնտեսա-առևտրական հարաբերությունները մնացել են թղթի վրա և ինչպես վերը նշեցի, դա կապված է հատկապես ՀՀ իշխանությունների կամքի ու ցանկության հետ: Չնայած Իրանում ևս կան բազմաթիվ ներքին և արտաքին խոչընդոտներ, որոնք դանդաղեցնում են այդ հարաբերությունների կանոնակարգումը՝ կապված մաքսատուրքերի, ապրանքների ազատ տարանցման և տեղափոխման, հայկական բեռնատար մեքենաների՝ իրանական տարանցիկ ճանապարհների օգտագործման շուրջ գոյություն ունեցող ներքին արգելքների, նաև ֆինանսական և բանկային խիստ սահմանափակ միջոցների և այլնի հետ: Մյուս կողմից ես կարծում եմ՝ ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն, իրոք, Իրանի ձեռքերը կապել են միջազգային և տարածաշրջանային առևտրական և ֆինանսական փոխանակումների դաշտում: Այստեղ շատ կարևոր է նաև, թե Հայաստանի  նոր իշխանությունները որքանով պատրաստ կլինեն միջազգային ասպարեզում Իրանին աջակցել պատժամիջոցները չեղարկելու քայլերում և Իրանին դուրս բերել տնտեսական շրջափակումից տարածաշրջանում: Հայաստանի իշխանությունների այդ քայլը վճռական դերակատարում կարող է ունենալ Իրանի նոր իշխանությունների հետագա կողմնորոշման վրա: Որքանո՞վ է Իրանը հետաքրքրված Հայաստանում տեղի ունեցող ընտրություններով: Իրանը միշտ հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներով, հատկապես հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով: Իրանում և Հայաստանում կայանալիք ընտրություններն իրոք մեծ ազդեցություն կարող են ունենալ երկու երկրների տնտեսական հարաբերությունների, նաև Իրանի համար տարածաշրջանային և աշխարհաքաղաքական նոր դասավորումների վրա: Մյուս կողմից, Իրանը զգայնությամբ հետևում է Սյունիքի մարզում տեղի ունեցող սահմանային փոփոխությունների դեպքերին: Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության վերջին կետերի դրույթները չեն բխում Իրանի շահերից, և դրանց իրականացման դեպքում ավելի կթուլանա Իրանի դիրքը տարածաշրջանում: Ուստի Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ՀՀ-ում քաղաքական ուժերի վերադասավորումը, նոր խորհրդարանի կազմն ու կառավարության կաբինետը վճռական դերակատարություն ունեն Թեհրանի քաղաքական կողմնորոշումներում՝ Կովկասյան տարածաշրջանի նկատմամբ: Հուսանք որ ամեն ինչ լավ կընթանա, և երկու երկրների նոր իշխանությունները միմյանց օգնությամբ և փոխըմբռնման, խոհեմ, իրատես և խելամիտ քաղաքականությամբ կշարունակեն երկու երկրների բարեկամական կապերը առավել ամրացնել և հաղթահարել բոլոր առկա խնդիրները:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
13-06-2021 22:46