Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը պետք է հրաժարվի խարդախ կեցվածքից ու գործելաոճից

01-07-2021 10:17

Հունիսի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ քննարկել է «փախստականների և տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի` հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների կասեցման մասին հայտարարության»: Ավելորդ չի լինի հիշեցնել հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական ողջ դաշտին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի կասեցմանն ու հետևանքների վերացմանը: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը մինչ օրս է հակահայ տրամաբանության մեջ, այդ գործիչները չեն էլ փորձում հասկանալ, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը ո±ր փախստականների և ներքին տեղահանվածների մասին է: Նրանց անտարբեր բովանդակությունը 7-րդ կետը ընկալում է ինքնաբերաբար այնպես, ինչպես ընդունված էր վերջին քսանինը տարիներին` խոսել միայն «ադրբեջանցի փախստականների» մասին, այնպես, ինչպես թելադրել և նրանց մոտ կոնֆլիկտի ընկալումը ձևավորել է իլհամի ամենօրյա քարոզչական մեքենան: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը իրենց գործունեության վերջին քսանինը տարիները ծառայացրել են թրքական ծրագրերի իրականացմանը, անհայտ է` կամա, թե ակամա, բայց միանշանակ թուրքի ջրաղացին են ջուր լցրել` համառորեն շրջանցելով Սումգայիթը, Բաքուն ու Մարաղան, հայ փախստականների գոյության, նրանց ձևավորման պատճառներն ու հետևանքները: Նրանք այսօր էլ խորշում են դիտարկել հայության այդ հատվածի ճակատագրի ընթացքը: Անկասկած է, որ հենց դրա արդյունքում էը պարտվողական ջախջախիչ պատերազմը` իր աղետալից հետևանքներով նաև: Այսօր էլ թրքական քարոզը միջազգային կառույցներին է մատուցում նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը շարունակական Արցախը վերջնական թրքացնելու և հայության գոյությունը այս տարածաշրջանում կասկածի տակ դնելու խարդախ գործելաոճի մեջ է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր հակահայ կետերը իրողություն են վաղուց, կամ էլ ընթացքի մեջ են: Իսկ հայամետ ոչ մի կետ չի գործել, ինչպես ռազմագերիների վերադարձի մասին կետը: Հայտարարության 7-րդ կետը վերաբերում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձին, իսկ ցեղասպանությամբ ներծծված այդ պատերազմի ընթացքում փախստական դարձան և ՀՀ-ում ապաստան գտան Արցախի Հանրապետության ռազմակալված տարածքների` Քարվաճառի, Քաշաթաղի, Քաշունիքի, Վարանդայի, Ակնի ու Ջրականի, Շուշիի ու Հադրութի բնակիչները, և այդ տարածքներից ներքին տեղահանվածները այսօր պատսպարվել են Արցախի փրկված միակ բեկորի վրա: Հայտարարության 7-րդ կետը բացառապես վերաբերում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում ձևավորված փախստականներին ու ներքին տեղահանվածներին, իսկ նրանք Արցախի Հանրապետության բնակիչներն են` էթնիկ հայեր: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը պետք է հրաժարվի խարդախ կեցվածքից ու գործելաոճից` նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի սեփական հակահայ մեկնումից: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը պետք է լծվի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի հայամետ իրագործմանը: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը պարտավոր է վերադարձնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ցեղասպանական պատերազմից ձևավորված հայ փախստականներին ու ներքին տեղահանվածներին իրենց բնակության վայրեր` Քարվաճառ, Քաշաթաղ, Ակն, Վարանդա, Քաշունիք, Ջրական, Հադրութ ու Շուշի, իրողություն դարձնելով նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը: Հայկական պետական դիվանագիտական, քաղաքական, վերլուծական դաշտը պարտավոր է վերականգնել Արցախի Հանրապետության սահմանադրական տարածքները և բանակցային գործընթացը վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափ` իրողություն դարձնելով նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը. «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»: Մարիամ Ավագյան Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Lragir.am,
01-07-2021 10:17