1921 թվականի հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի որոշումը 1915-1922 թթ. ցեղասպանության մաս է. բաց նամակ ՀՀ ԱԺ-ին

04-07-2021 22:54

Հարյուր տարի առաջ ցեղասպանված հայությունը ընկրկեց, երբ 1921 թվականի հուլիսի 5-ին ՌԽՍԴՀ-ի ոչ պետական, այլ կուսակցական մարմինը` ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումի արտահերթ նիստը որոշում կայացրեց իր ինքնիշխանության տակ չգտնվող, Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճի առարկա ճանաչված Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Որոշումը կայացվեց առանց քվեարկություն անցկացնելու, տեղական իշխանությունների կարծիքը հարցնելու կամ հանրաքվեին դիմելու 95 տոկոս հայ բնակչություն պարունակող այն երկրամասի նկատմամբ, որը վճռել էին «թողնել Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում՝ նրան տրամադրելով մարզային լայն ինքնավարություն, վարչական կենտրոնը՝ ինքնավար մարզի կազմում գտնվող Շուշի քաղաքում»: Որոշման «հիմնավորվումն էր» Ադրբեջանի հետ տնտեսական կապը, սակայն դա արդեն հայության այդ հատվածի դեմ խորհրդային մթնոլորտում ծորացող երկարաժամկետ ազգային խտրականության և ոչ բռնի եղանակներով նրան հայրենիքից զրկելու որոշում էր: Պատահական չէ, որ ն. թ. հուլիսի 16-ի որոշումով ՀԿ(բ)Կ կենտկոմը իր անհամաձայնությունը հայտնեց նման կարգավորմանը: Սկիզբ առավ հայության հայրենազրկման կազմակերպված մի գործընթաց, երբ արդեն 1921 թ. սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի կենտկոմի կազմբյուրոն և քաղբյուրոն որոշել էին չեղարկել ինքնավարության պահանջը, իսկ դրա Կենտգործկոմի 1923 թվականի հուլիսի 7-ի որոշումով պատմական Արցախի 17 000 քառ. կմ-ի միայն 1/4 մասի վրա կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ): Ողջ տարածքում առկա 200 հազարից ավելի հայ ազգաբնակչությունից ինքնավարության սահմաններում ընդգրկվեց միայն 111 հազարը: Մարզը հարավում զրկվեց Քաշունիքից (Կուբաթլու), Կովսականից (Զանգելան), Վարանդայից (Ֆիզուլի), Ջրականից (Ջաբրայիլ), արևմուտքից և հյուսիսից հատվեցին Գարդմանքի հատվածները (Խանլարի, Շահումյանի, Դաշքեսանի, Գետաբեկի, Շամխորի շրջանները), որտեղ բնակչության մեծամասնությունը հայ էր: Լեռնային Ղարաբաղի մնացած ավելի քան 3 /4 մասն ընդգրկվեց Ադրբեջանական ԽՍՀ մյուս շրջանների կազմի մեջ, և միայն Շահումյանի շրջանը պահպանվեց որպես առանձին հայաբնակ վարչական միավոր: ԼՂԻՄ-ի հյուսիս-արևմտյան փեշերը որոշելիս ամեն ջանք գործադրվեց Հայաստանի հետ որևէ ընդհանուր սահման չթողնելու համար: ԼՂԻՄ-ը 1930-ական թվականների սկզբին վերածվեց անկլավի: Հայության հայրենազրկումը նոր թափ ստացավ Լեռնային Ղարաբաղի  ԼՂԻՄ-ից դուրս մնացած տարածքներում արդեն 1948-ից. Գարդմանքը անընդհատ ցնցումների մեջ էր: 1921 թվականի հուլիսի 5-ի Կովբյուրոյի պլենումի արտահերթ նիստի որոշումը ցեղասպանության շարունակականություն էր ապահովում Խորհրդային Ռուսաստանի այն քաղաքական ղեկավարության կողմից, որը օրինական իրավունք չուներ Ղարաբաղի նկատմամբ: Իսկ ինքնավարության հետագա գոյությունը բերեց մարզի տնտեսական հետամնացությանը, այնտեղ բնիկ հայ ազգաբնակչությունը 95-ից նվազեց 77 տոկոսի, և Ղարաբաղը վերածվեց Ադրբեջանի հումքային կցորդի: 1921 թվականի հուլիսի 5-ի այս հայատյաց կամայականությունը հետևողականորեն իրականացվեց նաև 1988-ից ի վեր, երբ Ադրբեջանը  բացահայտ պատերազմ սանձազերծեց իր քաղաքացիական ու միանգամայն խաղաղ հայ բնակչության դեմ: Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զուտ քաղաքական միջոցառումներին նա պատասխանեց Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, Մարաղայում կազմակերպված հայերի ջարդերով ու բռնագաղթով, այն է՝ ցեղասպանության հանցանքներով: 1921 թվականի հուլիսի 5-ի  Կովբյուրոյի որոշումը քաղաքական հիմք ապահովեց 1991-ի, 2016-ի, 2020-ի ցեղասպանական միջոցներով իրականացված պատերազմական հարձակումների համար ինքնորոշման ձգտող արցախահայության դեմ, իսկ այսօր`ամբողջ հայության դեմ լկտի ու անպատիժ նենգաշորթության համար: 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Պետական դուման հռչակագիր է ընդունել՝ դատապարտելով 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին և ճանաչելով ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր: Դիմում ենք ՀՀ Ազգային Ժողովին պահանջով` ճանաչել 1921 թվականի հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշումը իրավական նորմերի կոպիտ խախտում, քաղաքականապես ծայր աստիճան վնասակար հայ ժողովրդի կենսական շահերի և հայ-ռուսական հարաբերությունների համար, դատապարտել այն որպես “քողարկված” և բացահայտ ցեղասպանության շարունակության ապահովման որոշում: ՀՀ Ազգային ժողովը պարտավոր է պահանջել Ռուսաստանի Դաշնությունից, որ 1921 թվականի հուլիսի 5-ի Կովբյուրոյի որոշումը Ռուսաստանը ճանաչի վնասակար և ապօրինի, երեք հարձակողական պատերազմների դրդապատճառ և 1915-1922 թթ ցեղասպանության շարունակող, հայության հայրենազրկման և ֆիզիկական ոչնչացման Ադրբեջանի ուժերով իրականացվող գործելաձևի քաղաքական և գաղափարական հիմք: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար «Հանուն Հադրութի» ՀԿ «Ադրբեջանական ԽՍՀ-ի հայերի միավորում» ՀԿ «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ «Շուշի» բռնի տեղահանված հայ ազգաբնակչության ՀԿ 04.07.2021թ.

Lragir.am,
04-07-2021 22:54