ՆԱՏՕ-ն արդեն Արցախում է. Ինչից է խուսափում Հայաստանը

21-07-2021 19:01

Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանը չի մասնակցում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. հայտնի է դարձել, որ չի մասնակցելու նաեւ տասներորդ Agile Spirit 2021 բազմազգ զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը Վրաստանում: Նշենք, որ զորավարժություններին մասնակցելու են Ռուսաստանի եղբայրներն ու դաշնակիցները՝ Թուրքիան ու «Ադրբեջանը»: Եթե ՀՀ-ն չի մասնակցում «ռուսներին չբարկացնելու» համար, քանի որ ՌԴ-ն թշնամի է համարում ՆԱՏՕ-ին, ապա ինչ գործ ունի ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Արցախում, Էրդողանն էլ՝ Շուշիում: Այդ հավատամքը օգնե՞ց խուսափել Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերի ռուս-թուրքական ցեղասպան արշավից: Այդ արշավը հնարավոր դարձավ ոչ միայն խրոնիկ ռուսահպատակության, այլեւ հայկական իրար հաջորդող վարչակարգերի՝ միջազգային մեկուսացմանը հակվածության ու քաղաքական նախաձեռնություններից խուսափելու պատճառով, ինչը խրախուսվում էր Մոսկվայից՝ «անվտանգության երաշխիքների» տարտամ խոստումներով: Արեւմուտքը չի ընդունում եռակողմ հայտարարությունը որպես կարգավորում, օրակարգում պահում է Արցախի կարգավիճակի եւ խնդրի քաղաքական կարգավորման հարցը, այդպիսով բաց պահելով Հայաստանի հնարավորությունների դուռը: Համեմատության համար պետք է նշել, որ Մոսկվայի ռազմա-քաղաքական լիակատար աջակցությամբ հաղթանակ ապահոված Բաքուն, Արեւմուտքի այդ պնդումների ֆոնին հակաարեւմտյան հռետորաբանությամբ հանդերձ, չի կտրում կապերը այդ կառույցների հետ, փորձելով ապահովել իր շահերը թե ընթացիկ զարգացումների, թե առաջիկա հնարավոր փոփոխությունների պարագային: ՆԱՏՕ-ն այսպես թե այնպես Արցախում է, Ռուսաստանի անխուսափելի նահանջը տեղի է ունենալու այդ ներկայության ընդլայնմանը զուգահեռ: Սա Ռուսաստանի քաղաքականության ուղիղ հետեւանքն է:

Lragir.am,
21-07-2021 19:01