ՀՀ ԱԳՆ ղեկավարը և ԵԽ պատգամավորը վերահաստատել են առանց նախապայմանների գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

21-07-2021 19:11

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը hուլիսի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերը քննարկել են Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները: «Երկուստեք կարևորվեց այս ուղղությամբ վերջին շրջանում քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ծավալումը, որի շրջանակներում ընթացիկ ամսում Երևան այցելեցին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ կողմից իրականացվող ներդրումային և տնտեսական ծրագրերին, որոնք համահունչ են Հայաստանում տնտեսական զարգացման, ժողովրդավարության և լավ կառավարման ՀՀ կառավարության առաջնահերթություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական ագրեսիայի հումանիտար հետևանքների հաղթահարման ուղիները: Վերահաստատվել է Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առանց նախապայմանների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը և այս համատեքստում ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը կարևորել է  մայիսի 20-ին այդ առնչությամբ ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը: Ըստ աղբյուրի՝ Արմեն Գրիգորյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժումը Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ինչպես նաև վերջին մեկ շաբաթվա ընթացքում լարվածության նոր օջախի ստեղծումը Երասխ բնակավայրի ուղղությամբ: Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից առաջարկվող մոտեցումների հիման վրա, որոնք վերահաստատում են համանախագահության կողմից մշակված սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը:

Lragir.am,
21-07-2021 19:11