Հանդիպում ռազմական կցորդների հետ

21-07-2021 19:31

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դեսպանությունների հավատարմագրված ռազմական կցորդներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Երասխի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձեռնարկած սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Շեշտվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային նկրտումների վերաբերյալ ագրեսիվ հռետորաբանությունը խաթարում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նշվել է, որ հայկական կողմը, հավատարիմ մնալով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նմանատիպ միջադեպերը կանխարգելելու և դրանց հակազդելու ուղղությամբ: Ընդգծվել է, որ Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների հստակ արձագանքը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ ոտնահարումներին, տեղեկացնում են ՊՆ-ից:

Lragir.am,
21-07-2021 19:31