Ֆրանսիան Կիպրոսի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները սադրանք է որակում

21-07-2021 22:11

Ֆրանսիան դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը: «Ֆրանսիան խորապես ցավում է այն միակողմանի քայլի համար, որը համաձայնեցված չէր և համարվում է սադրանք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ նման հայտարարությունները խաթարում են վստահության վերականգնման գործընթացը, որն անհրաժեշտ է կիպրական հարցի արդար ու տևական լուծման նպատակով բանակցությունների վերսկսման համար: Իր այցի շրջանակում Էրդողանը պաշտպանել էր երկու պետության՝ Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության գոյության գաղափարը՝ որպես կիպրական հարցի լուծում: Նա նաև ողջունել էր թուրքական կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածում Վարոշա քաղաքի վերաբացման մասին որոշումը:

Lragir.am,
21-07-2021 22:11