Հայաստանի իշխանությունները գլխավոր խնդիր են համարում ռուս-թուրք-ադրբեջանական պլաններն իրականացնելու հարցը

Մեր զրուցակիցն է Կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանը Մի քանի օր լարված է Երասխի հատվածում, սակայն տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է լռություն պահպանել: Ընդհանրապես, այս իրավիճակն ո՞ւմ է ձեռնտու: Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ունեն համաձայնեցված մոտեցումներ տարածաշրջանում իրականացվող իրադարձությունների մասին: Այսօր Ադրբեջանի ձեռքով  իրենք փորձում են Ֆրանսիային և ԱՄՆ-ին հարկադրել ընդունել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը Մինսկի ֆորմատից դուրս: Գլխավորապես սա է այս քաղաքականության նպատակը, և այս ուժային  գործողություններն Ադրբեջանի կողմից ուղղված են այդ ճնշումները ստեղծելուն, իրականացնելուն, այդ մթշնոլորտը ձևավորելուն, որ շփման գծում չեն դադարելու այսպիսի միջադեպերը, մինչև Ֆրանսիան և ԱՄՆ-ն չհամաձայնեն, որ Հայաստանը և Ադրբեջանը իրար միջև կնքեն խաղաղության պայմանագիր: Ինչպե՞ս եք գնահատում Ֆրանսիայի դեսպանի գրառումը և Երասխից լուսանկարների հրապարակումը, այդ թվում ԵՄ երկրների դրոշներով: Սա ի՞նչ մեսիջ էր և ում էր ուղղված: Դա իհարկե պատահական չէր, դրանով Ֆրանսիան, ըստ էության, ցույց տվեց, որ իրենք չեն համակերպվի և այդ շանտաժին չեն գնա: Այս պարագայում Հայաստանը որքանով կստանա Արևմուտքի աջակցությունը: Շատերը նշում են, որ պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Շատ քիչ հավանական եմ համարում, որ Հայաստանի ղեկավարությունը նման քայլի դիմի, որովհետև Հայաստանի իշխանությունները նույնպես գլխավոր խնդիր են համարում ռուս-թուրք-ադրբեջանական պլաններն իրականացնելու հարցը: Այս լարվածությունը լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվելու հավանականություն կա՞: Չեմ կարծում, որ Ադրբեջանը հարձակվելու է Հայաստանի վրա, բայց այդ լարվածությունը, որ այսօր կա, սա հիմք է, որ ցանկացած պետություն ռազմական դրություն մտցներ այն շրջանում, որտեղ այդ միջադեպերն ընթանում են: Հայաստանի իշխանություններն, իհարկե, ի վիճակի չեն նման քայլի դիմել, որովհետև դա կնշանակի ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակից դուրս գալ, և փորձելու են հնարավորինս դիմադրել տեղում այդ գործողություններին: Առհասարակ, չդիմադրել հնարավոր չէ, բայց որևէ էական, գործնական գործողություն հայկական կողմը մտադիր չէ իրականացնել, իրադարձությունները դա են ցույց տալիս: Ադրբեջանն աստիճանաբար ավելացնելու է ճնշումները: Այդ ամենը արվում է նրա համար, որպեսզի ՀՀ  իշխանությունները հնարավորություն ունենան Ֆրանսիային և ԱՄՆ-ին ասելու՝ իրավիճակը այլ կերպ հնարավոր չէ կարգավարել, բացի ռուս-թուրք-ադրբեջանական ծրագիրն ընդունելուց: Իսկ դա ի՞նչ կնշանակի, եթե Հայաստանն ընդունի այդ ծրագիրը: Ադրբեջանը դրանով կկապիտալիզացնի  պատերազմի արդյունքները, քաղաքական կապիտալիզացիա կանի ռազմական ճանապարհով ձեռք բերված բոլոր հաջողությունները, և Արցախի հարցը դուրս կմնա միջազգային հանրության կառավարման շրջանակից: Հիմա Արցախի հարցը, Արցախի կարգավիճակի որոշման հարցը գտնվում է Մինսկի խմբի իրավասության ներքո, իրենք պայքարում են, որպեսզի դուրս բերեն այս հարցը Մինսկի խմբի ֆորմատից: Դրա ճանապարհը, ինչպես իրենք են տեսնում, Հայաստանի հետ խաղաղության մասին պայմանագրի կնքումն է առանց Մինսկի խմբի մասնակցության, որպեսզի շրջանցեն Արցախի կարգավիճակի հարցի որոշման իրենց համար դառը այդ հարցը:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
21-07-2021 23:34