Ինչ տեսք ունի Ազգային ժողովի կազմը. «Ժողովուրդ»

22-07-2021 08:05

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուների կողմից մանդատներից հրաժարվելու գործընթացը: Ըստ այդմ, ՔՊ-ից պատգամավորական մանդատից հրաժարվել է 17 անձ , իսկ «Հայաստան» դաշինքից՝ երեքը: ՔՊ ցուցակից հրաժարվածները հիմնականում մարզպետներ են կամ այն անձինք, որոնք առաջիկայում պաշտոններ կստանան գործադիրում: Ըստ այդմ, Ազգային ժողովը կունենա 105 պատգամավոր, որոնց մեջ շատ են նորեկները՝ ոչ միայն ընդդիմադիր ուժերից, այլ նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: ՔՊ-ից այս անգամ խորհրդարան չեն գնա Լիլիթ Մակունցը, Արարատ Միրզոյանը եւ Հակոբ Սիմիդյանը: Նարեկ Մկրտչյանն ու Արմեն Փամբուկյանն էլ կպահպանեն իրենց պաշտոնները: Խորհրդարանի ՔՊ-ական նորեկներից են՝ Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, Գագիկ Մելքոնյան, Հակոբ Արշակյան, Էդուարդ Աղաջանյան, Վիգեն Խաչատրյան, Զարուհի Բաթոյան, Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Տրդատ Սարգսյան, Հասմիկ Հակոբյան: «Հայաստան» դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշինքի անդամներ Ալեքսանդր Խաչատուրյանն ու Մարիաննա Եփրեմյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակից ոչ ոք չի հրաժարվել մանդատից, եւ առաջին 7 համարներ Արթուր Վանեցյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը, Իշխան Զաքարյանը, Հայկ Մամիջանյանը, Թագուհի Թովմասյանը եւ Տիգրան Աբրահամյանը կվերցնեն իրենց մանդատները: Հավելենք, որ վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը. այն տեղի կունենա օգոստոսի երկուսին:

Lragir.am,
22-07-2021 08:05