Կառավարության երեկվա նիստը լսելով՝ ես հանկարծակիի եկա, երբ վարչապետի պաշտոնակատարն աղերսում էր ճանապարհ

Lragir.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Տիկին Ալավերդյան, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրումը ի՞նչ ազդեցություն է ունենում սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքի տեսակետից, ի՞նչ քայլեր պետք է անի պետությունը, այդ թվում՝ միջազգային հարթակներում:  Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է իր զեկույցը, որը վերաբերում է հենց սահմանամերձ կոնկրետ գյուղերում ու տարածքներում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումներին: Ընդ որում, մի քանի իրավունք արդեն նշվել է, դա կյանքի իրավունքն է, ազատ տեղաշարժվելու, անձնական անվտանգության և ազատության իրավունքներն են՝ սահմանված Եվրոպական կոնվենցիայով: Առանձին նշվել է նաև երեխաների իրավունքների մասին: Այս նյութն ուղարկվելու է այն բոլոր միջազգային մարմիններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով: Իմ կողմից կան առաջարկություններ, որ այդ զեկույցը պետք է ներկայացվի կառավարությունում, քննարկվի ոչ թե դրա բովանդակությունը, այլ դա պետք է ընկալվի որպես գործիք, որը պետք է գործադիր իշխանության կողմից օգտագործվի ամենատարբեր հարթակներում ու հաստատություններում: Ես նաև առաջարկում են Ազգային ժողովում անել լսումներ, ընդունել գործողությունների ծրագիր: Եվ բոլոր քաղաքական հարթակներում այդ բոլոր նյութերը պետք է ներկայացնել մեկ նպատակով՝ հասնելու նրան, որ պատժելիության սկզբունքը վերջապես տարածվի հանցագործություններ գործող Ադրբեջանի վրա: Դա շատ կարևոր հանգրվան է, որովհետև այդ նյութը ոչ թե նկարագրական է, այլ դա իրոք փաստահավաք խմբի բարձր որակով արված զեկույց է՝ միջազգային պայմաններին  համապատասխանող: Ես ինքս պետք է հնչեցնեմ հարցեր, որպես ՀՀ քաղաքացի՝ ես պահանջատիրությամբ եմ հանդես գալիս: Ինչո՞ւ մինչև այսօր չեն ձերբակալվել ու չեն գերեվարվել Ադրբեջանի զինված ուժերի այն խմբերը, որոնք ներխուժել են Հայաստանի տարածք: Ինչո՞ւ եմ ես այս հարցը դնում, սա հռետորական հարց չէ: Խնդիրն այն է, որ պետությունը, տվյալ դեպքում Հայաստանը՝ հանձինս իր իշխանությունների, այդ հարցը չի բարձրացնում ամենաբարձր մակարդակներում․ դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, Եվրոպայի խորհրդի համապատասխան հանձնաժողովները, ԵԱՀԿ-ն: Եթե Հայաստանն ինքը չի նախաձեռնում այդպիսի քայլեր, ապա մնացած պետությունների կողմից մենք չպետք է ակնկալենք որևէ արձագանք, որովհետև պետությունը պետք է հնչեցնի իր՝ վտանգված լինելու մասին, վտանգի աստիճանը ներկայացնի: Հակառակ դեպքում, եթե դա անի մեկ այլ պետություն կամ հաստատություն, դա կարող է մեկնաբանվել որպես ներքին գործերին խառնվելու, միջամտելու փորձ: Ես չեմ մտնում քննարկումների մեջ՝ Ռուսաստանն է մեղավոր, թե այլ երկիր, ես հստակ պահանջատեր եմ իմ երկրի իշխանությունների նկատմամբ: Մենք պետք է հստակեցնենք ՀՀ դիրքորոշումը: Կառավարության երեկվա նիստը լսելով՝ ես հանկարծակիի եկա, երբ վարչապետի պաշտոնակատարն աղերսում էր ճանապարհ և փորձում էր դա ներկայացնել որպես հաղթանակ: Ես այստեղ շատ վատ ուղերձ եմ տեսնում: Այն դեպքում են կոմունիկացիաները բացվում, երբ պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունները հաստատվում են ոչ միայն պայմանագրերով, այլ գործողություններով: Այն դեպքում, երբ մեկ պետությունը ոչ միայն  գործողություններ է իրականացնում, որը վտանգում է մեր տարածքային ամբողջականությունը, այլև հայտարարություններով է հանդես գալիս, որտեղ արտահայտում է իր տարածքային նկրտումները, այստեղ աղերսել ճանապարհ և փորձել դա ներկայացնել որպես հաղթանակ, որ նրանք ուզում էին միջանցք, մենք հաղթեցինք, դա, կներեք, մեծ կասկածներ է ինձ մոտ առաջացնում: Արդյոք ճի՞շտ են հասկանում մեր իշխանությունները ազգային շահը: Հայաստանի և Արցախի վերաբերյալ մենք տեսնում ենք միասնական թուրք-ադրբեջանական միության քաղաքականություն:  Շատ է հնչում այս օրերին հարցը, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ: Ես չեմ կարծում, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձինք գիտեն ավելի քիչ, քան ես: Ես չեմ կարծում, որ նրանք չեն տեսնում, որ սրանք ոչ թե առանձին-առանձին դրվագներ են, այլ մեկ շղթայի տրամաբանական քայլեր են: Այստեղ երկու բան կարող է լինել, որ արդեն հասկանում են, որ Թուրքիայի կեցվածքը վտանգում է ոչ միայն տարածաշրջանը, մասնավորապես, Հայաստանը, այլև Եվրոպան: Եվ այս առումով կարելի է տեսնել աշխուժացում: Բացի դրանից, մենք տեսանք, որ և ԱՄՆ-ն, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարություններով: Այդ հայտարարությունների մեջ շատ հետաքրքիր պահեր կան, եթե դրանք ճիշտ ենք մեկնաբանում: Այն է՝ Մինսկի խումբը ցանկանում է իր մանդատը տարածել ոչ միայն զուտ Արցախի հարցի վրա, այլ նաև շատ ավելի լայն՝ տարածաշրջանում եղած այս իրավիճակի վրա: Իմ մյուս հարցն այն է, որ երբ Ադրբեջանը ակտիվացրել է այնպիսի խնդիրներ, ինչպիսին է փախստականների վերադարձը ոչ միայն իրեն չպատկանող Արցախի Հանրապետության տարածք, այլև Հայաստան, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ հայկական կողմը չի հնչեցնում Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի բռնի տեղահանման խնդիրը: Ես չեմ հասկանում՝ ո՞ւր է մեր պահանջատիրությունը: Նրանց բոլորի իրավունքները, այդ թվում՝ վերադառնալու իրավունքը պետությունն այսօր չի բարձրացնում, էլ ի՞նչ է բանակցում: Այդ բոլորը մնում է սեղանի վրա, բայց սեղանի վրա այն ժամանակ է մնում, երբ կա պետություն, որը դնում է սեղանի վրա: Ես չգիտեմ Հայաստանում մի հարթակ, որտեղ այդ հարցերը բարձրացվում են: Ավելին, Հայաստանում չկա մի պետական մարմին, որն իր անվան մեջ ունենա «փախստական» կամ «բռնի տեղահանված» խոսքերը:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
30-07-2021 22:00