Ռուսական զորքերը հայկական ռևանշի՞զմը, թուրքական ծավալապաշտությո՞ւնը, թե՞ այլ ինչ-որ բան զսպելու համար են

Մեր զրուցակիցն է Սուրեն Սահակյանը Պարոն Սահակյան, ինչպե՞ս եք գնահատում Փաշինյանի առաջարկը՝ հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հետ կապված: Պետության՝ որպես կազմակերպչական միավորի, ստեղծման առաջին պայմանն այն ձևավորող մարդկանց ֆիզիկական անվտանգությունն ապահովելն է: Եթե պետությունը չի կարողանում ապահովել քաղաքացիների անվտանգությունը, ապա անխուսափելիորեն խնդիրներ է ունենալու ինքնուրույնության հետ: Այդ առումով օտար երկրի զինվորի մուտքը որևէ երկիր խիստ բացասական երևույթ է և վտանգ պետության իմաստի պահպանման համար: Միաժամանակ, պատմությանը հայտնի են դեպքեր, երբ նույնիսկ զարգացած, տնտեսական առումով աշխարհի առաջատար երկրների անվտանգությունն ապահովել են այլ երկրների զինված ուժերը: Հարցն այն է, թե որքանով են հուսալի պաշտպանվող և պաշտպանող կողմերի հարաբերությունները: Այս առումով մեր դեպքում, ցավոք, պատմությունը ոչ մի լավ բան չի հուշում: Այն պահից, երբ ռուսական կայսրությունը հայտնվել է մեր փոքր տարածաշրջանում, մեր շահերի գնով առևտուր է սկսել իր տարածաշրջանային հիմնական մրցակիցների հետ: Որևէ որոշում կայացնելիս սա պետք է անպայման հաշվի առնել: Պետք չէ մոռանալ նաև, որ փոքր տարածաշրջանում ներկայիս հարաբերությունները կարգավորվում են անցած դարում Կարսում և Մոսկվայում կնքված, իրենց էությամբ հայկական միավորի շահերի դեմ, ռուս-թուրքական պայմանագրերի դրույթներով, և որևէ մեկը դրանք դեռ չի չեղարկել: Ամենակարևոր հարցն այստեղ այն է՝ ռուսական զորքերը հայկական ռևանշի՞զմը, թուրքական ծավալապաշտությո՞ւնը, թե՞ այլ ինչ-որ բան զսպելու համար են: Դրանից էլ կբխի արդյունավետությունը: ՀԱՊԿ–ը շարունակում է լռել սահմանային լարվածության հետ կապված, մինչդեռ Փաշինյանը հայտարարում է, որ սեպտեմբերին այդ կառույցի նախագահությունն անցնելու է հայկական կողմին: Այս դեպքում ի՞նչ կարելի է առհասարակ ակնկալել: Իմ տպավորությամբ՝ ՀԱՊԿ-ից երբեք էլ պետք չի եղել ակնկալել, որ կառույցի մակարդակով իրոք ապահովելու են մեր երկրի սահմանների անձեռնմխելիությունը: Դա հանրային մոլորություն էր, ինչն այժմ ակնհայտ է դառնում: ՀԱՊԿ-ը ստեղծվել է՝ ապահովելու Ռուսաստանի հետ հետխորհրդային որոշ երկրների ռազմա-քաղաքական հարաբերությունները: Այս ամենի հետ միասին պետք է գիտակցել, որ Հայաստանի համար դա որոշ առումով կասկածելի մեխանիզմ է էժան սպառազինություն ստանալու և ռեալ մեխանիզմ՝ այդ կառույց Ադրբեջանի մուտքն արգելափակելու համար: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը ոչ աշխարհաքաղաքական իրողությունները կփոխի (որով նաև պայմանավորված են եղել թե՛ արցախյան պատերազմի վերջին արյունալի փուլը և հաջորդող մեծ ու փոքր բախումները), ո՛չ Ռուսաստանի վերաբերմունքը տարածաշրջանին, ո՛չ էլ ՀԱՊԿ անդամ այլ երկրների բարեկամական վերաբերմունքը Ադրբեջանին: Փաշինյանի՝ 54 տոկոս ձայն ստանալը տալի՞ս է հնարավորություն միանձնյա նման հարցեր լուծելու: Շատ կարևոր է արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագրի» ստացած քվեները նրա ծրագրերին չեն եղել: Ընտրությունները, իրենց բնույթով, հանրաքվե են դարձել Ռոբերտ Քոչարյանին կրկին կառավարչական լծակներով օժտելու կամ Նիկոլ Փաշինյանին վարչապետ թողնելու մասին: Այս երկու ուժերը ամեն ինչ արել են, որ ընտրությունը հենց դրա մեջ լինի: Այս առումով մյուս ծրագրերի, առավել ևս, միջպետական համաձայնագրերի կնքման հարցում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վկայաբերելը լուրջ չէ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անհրաժեշտ են համարում առանց նախապայմանների բանակցությունները: Որքանո՞վ է առհասարակ հնարավոր լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը, երբ Ադրբեջանը պնդում է հակառակը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ կառույցն է, որ օժտված է արցախյան խնդրի կարգավորման միջազգային մանդատով: Ըստ իս՝ եթե նրանք հայտարարությամբ անդրադառնում են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված  սահմաններում տեղի ունեցողին, ապա դա կապում են նաև իրենց մանդատի ներքո կատարվող իրողություններին: Ստացվում է, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված  սահմաններում, Ադրբեջանի շանտաժն է Արցախի խնդրում իրենց հարմար զիջումներ ստանալու համար: Որպես այդպիսին, վերջերս խոսվում է սահմնազատման գործընթացով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի կողմից ճանաչելու մասին: Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը և համանախագահող երկրները հայտարարել են, որ խնդիրը լուծված չէ և պետք է անդրադառնալ նաև Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցին: Իհարկե, իրերի նման դասավորությունը դուր չի գա Ադրբեջանին: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը բավարար գործիքակազմ ունի, որպեսզի Ադրբեջանին նստեցնի բանակցությունների սեղանի շուրջ:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
30-07-2021 23:23