Վերջին 15 օրերին էապես նվազել է Հայաստան այցելող իրանցիների թիվը

Հունիս ամսվա և հուլիսի սկզբի համեմատ վերջին 15 օրերին էապես նվազել է Հայաստան այցելող իրանցիների թիվը: Նրանք այս փուլում Հայաստան էին գալիս հիմնականում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու նպատակով, Հայաստան-Իրան սահմանին ու պատվաստման կետերում մեծ հերթեր էին գոյացել: «Ռեստ-տուր» տուրիստական ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ հուլիսի 15-ից սկսած, երբ Հայաստանում ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության որոշումը, ըստ որի՝ երկիր ժամանած զբոսաշրջիկները պետք է այստեղ բնակվեն առնվազն 10 օր, որպեսզի կարողանան պատվաստվել, իրանցիների հոսքը զգալի նվազել է: Այս որոշումը բացասաբար է ազդել իրանցիների հոսքի վրա, քանի որ պատվաստվել ցանկացողները Հայաստան էին ժամանում հիմնականում 3-5 օրով: «Շատ քիչ հոսք կա այս փուլում: Մարդիկ կան, որ գումարի խնդիր չունեն, վճարունակ խավը գալիս է, և եթե պատվատսվելու համար են գալիս, 10 օր մնում են: Մենք տեղեկություն ունեինք, որ հարևան երկրները՝ Թուրքիան ու Վրաստանն էին փորձում ներգրավել իրանցի զբոսաշրջիկներին, բացել պատվաստման գործընթացը: Հիմա այսպես է՝ պատվաստվելը դարձել է տուրիզմի մի ուղղություն, խոսակցություն կար, որ այդ երկրներն ուզում էին 3-5 օր թույլ տալ, որ մարդը գա և գումար ծախսի և պատվաստվի ու վերադառնա իր երկիր: Իսկ 10 օրվա ժամկետի պատճառով մեր փաթեթները չեղարկվել են»,- ասաց նա: Ըստ Բլեյանի՝ տուրիզմի ոլորտին այս որոշումը փաստացի վնաս է հասցրել: «Եթե հոսքը պակասում է, դա վնաս է և տուրզմի ոլորտի, և պետության համար: Կոնկրետ մեր գրասենյակը իրանցիների ամրագրումների մոտ 70 տոկոսը չեղարկել է այս որոշման պատճառով»,- հավելեց նա:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
31-07-2021 16:15