Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրել է դատարանների նորանշանակ նախագահներին

31-07-2021 16:43

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի նպատակը մարզային դատարանների աշխատակիցների խնդիրներին, շենքային պայմաններին առնչվող հարցերին տեղում ծանոթանալը և դատարանների նորանշանակ նախագահներին ներկայացնելն էր: Գագիկ Ջհանգիրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև Կարգադրիչների ծառայության նորանշանակ պետ Սուրեն Բաղդասարյանին: «Բաղդասարյանն ունի զինվորական ծառայության գնդապետի կոչում և երկար տարիների օպերատիվ հետախուզական աշխատանքի փորձ: Հույս ունեմ, որ Բաղդասարյանը կկարողանա Կարգադրիչների ծառայության մակարդակը բարձրացնել մի նոր աստիճանի և լուծել հնարավոր բոլոր անվտանգային խնդիրները»,- նշել է Ջհանգիրյանը: Հանդիպումների ընթացում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը խոսել է առաջիկա անելիքների մասին, որոնք վերաբերում էին ինչպես դատարանների կառուցմանը, վերանորոգմանը, այնպես էլ դատարանների աշխատակիցների՝ Քաղաքացիական ծառայությունից Դատական ծառայությանը անցնելուն, սոցիալական երաշխիքների ապահովմանը և մի շարք այլ հարցերի: Ջհանգիրյանը հանդիպումների շրջանակում եղել է Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերում: Այցելությունները շարունակական են լինելու:

Lragir.am,
31-07-2021 16:43