Քննիչ հանձնաժողովների, կամ պառլամենտական վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտությունը միշտ կա

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը  Նախօրեին ԱԺ ապագա նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորելու մտադրության մասին: Դուք այդպիսի հանձնաժողովի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, հաշվի առնելով նախորդ հանձնաժողովների փորձը, որոնք ստեղծվել են, բայց շատերի գնահատմամբ արդյունավետ չեն եղել: Որպեսզի գաղափար կազմենք, թե ուսումնասիրություն կատարող քննիչ հանձնաժողովների գործունեությունը արդյունավետ է եղել, թե ոչ, պետք է մենք այդ ուսումնասիրության արդյունքներին ծանոթ լինենք: Քանի որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին ծանոթ չենք, հետևաբար դժվար է խոսել դրա արդյունավետ լինել-չլինելու մասին: Կարող ենք ասել, որ ելնում ենք այն ինֆորմացիայից, որ զեկույցը պատրաստ է, եւ կարող ենք ասել, որ փաստի առումով արդյունք կա, բայց բովանդակության առումով արդյունավետության մասին խոսելը դժվար է: Մասնավորապես, սոցիալական անարդարության դրսևորումները ապրիլյան պատերազմի զոհերի շրջանակում, որ մենք մեր ուսումնասիրության տվյալների հիման վրա արձանագրել էինք, չգիտենք, դրան անդրադարձել են, թե ոչ, քննիչ հանձնաժողովում: Այնպես որ, քննիչ հանձնաժողովի կողմից պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության առումով կարող ենք արձանագրել, որ կա փորձ, բայց հանրային վստահության և արդյունավետության որակի վերաբերյալ դժվար է բան ասել: Մյուս կողմից այդ նախադեպը ամենևին բարենպաստ չի  ստեղծվելիք հանձնաժողովի հետ կապված, որովհետև խոսքը վերաբերում է մարդու իրավունքների զանգվածային խախտումներին, և դա չի կարող գաղտնիք լինել: Ավելին, ես հիշում եմ, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահը հրապարակային նշել էր, որ զեկույցը պետք է հրապարակվի՝ բացառությամբ գաղտնի մասերի: Բայց հետո որոշեցին, որ ընդհանրապես չեն հրապարակում: Այսինքն մենք կասկածներ ունենք չվստահելու, որ զեկույցը կհրապարակվի, որ մենք դրան կծանոթանանք, հնարավորություն կունենանք ստանալու մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները:  Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմի վերաբերյալ այդպիսի հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտություն կա՞: Ոչ միայն 44-օրյա պատերազմի, ընդհանրապես քննիչ հանձնաժողովների ինստիտուտի, կամ պառլամենտական վերահսկողության մեխանիզմների անհրաժեշտությունը մշտապես կա: Օրինակ, ո՞վ է ասել, որ չպետք է քննության առնվեն խորհրդարանի վրա հարձակման հանգամանքները, կամ կառավարության շենքի դեմ հարձակումները, այն նպատակով, թե ինչու և ինչ պատճառներով անվտանգության մարմինները, հասարակական կարգի պահպանման մարմինները չեն կարողացել կանխել այդ հարձակումները, որոնք ուղեկցվել են բռնություններով, գույքի վնասմամբ և այլն: Շատ-շատ հարցեր կան, որոնք հանրային նշանակություն ունեն և որոնց վերաբերյալ քննիչ հանձնաժողովների մեխանիզմը պետք է գործի դրվի, որպես խորհրդարանական վերահսկողության արդյունավետ մեխանիզմ: Իսկ դրանք գործի գցելով կզարգանան նաև խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները, որի ավանդույթը մենք չունենք: Ի՞նչ կարող ենք ակնկալել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից, հաշվի առնելով, որ այնտեղ ներկայացված է լինելու նաև խորհրդարանական ընդդիմությունը: 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի կազմը շատ որոշիչ նշանակություն ունի հանրային վստահության տեսակետից: Նաև որոշիչ նշանակություն ունի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրության զեկույցի հրապարակումը, որով ենթադրում ենք, որ կարձանագրվեր այն շատ մարդկանց վարքագիծը և այն մեխանիզմները, որոնք գործել են և որոնց հետևանքով ունեցել ենք խնդիրներ ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ նույն մարդիկ նաև մասնակից են եղել կամ դերակատարում են ունեցել արդեն 44-օրյա պատերազմի ժամանակ: Այնպես որ, ցավոք սրտի, բարենպաստ հանգամանքներն ավելի քիչ են, քան մենք կարող էինք ակնկալել: Նախօրեին հրապարակվեց, որ Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի: Ինչպե՞ս եք դա գնահատում: Շատ վատ եմ գնահատում, որովհետև դրանով ստվեր նետվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, որը նոր ստեղծված մարմին է: Բարձրագույն դատական խորհուրդը պատշաճ մակարդակի վրա չգտնվեց պաշտոնատար անձանց, տվյալ դեպքում հենց ԲԴԽ-ի նախագահի, հետագայում նաև դատավորների բարեվարքության գնահատման առումով, որովհետև եթե նման բացթողումներն ընդունելի են համարվում բարեվարքության տեսակետից, ապա, կներեք, դա Պանդորայի արկղ է բացում, որ ցանկացած մեկ այլ պաշտոնատար անձ՝ դատավոր, դատախազ և այլն, կարող են նման «թյուրիմացությունների» համար պատասխանատվության չենթարկվել կամ գնահատականի չարժանանալ և համարել դա համապատասխան բարեվարքության նորմերին: Նման դեպքում բարեվարքությունն ինքնին որպես ինստիտուտ, քայքայվում է, ոչնչանում է: Սա փաստում է այն բացը, որ այդպես էլ վեթինգ չիրականացվե՞ց: Խոսքն այն մասին է, որ նույնիսկ այսօրվա գործիքներով բարեվարքության չափանիշների պահպանումը դառնում է ուղղակի զուտ ձևական: ԲԴԽ որոշման մեջ նշվում է, որ ժամկետների խնդիր է եղել: Բոլոր դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իմ իմացած տեղեկություններով, բազմիցս են հարցումներ արվել և փորձ էլ չի արվել այդ բացթողումները շտկել:  Այսինքն չի բացառվում Ռուբեն Վարդազարյանի վերադարձին իր պաշտոնի՞ն: Չգիտեմ, դա արդեն թող իրենք մտածեն:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
31-07-2021 22:27