Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահին Ազգային տոնի կապակցությամբ

01-08-2021 17:00

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելինին՝ Ազգային տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ: Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Շվեյցարիայի միջև տարեցտարի զարգացող միջպետական փոխշահավետ կապերը: Վստահ եմ, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև բազմաթիվ ոլորտներում արդյունավետ փոխգործակցությունն ու հարաբերություններում առկա մեծ ներուժը կնպաստեն համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության: Առանձնահատուկ կցանկանայի նշել, որ մեր ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահությունը խարսխված են մարդասիրական ու ժողովրդավարական ընդհանուր արժեքների վրա: Շվեյցարահայ ակտիվ համայնքը կարևոր դեր է խաղում մեր երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում նախորդ տարի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ժամանակ Շվեյցարիայի արտահայտած սկզբունքային դիրքորոշումը՝ ի նպաստ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային հումանիտար իրավունքի անվերապահ կատարման: Հակամարտությունից տուժած բնակչությանը Շվեյցարիայի տրամադրած օգնությունը Ձեր երկրի դավանած մարդասիրական սկզբունքների ևս մեկ առհավատչյան է: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Lragir.am,
01-08-2021 17:00