Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին

01-08-2021 18:19

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է թուրքական կողմի պնդումներն այն մասին, թե հունա-թուրքական սահմանին իբր այնպիսի միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հունական կողմից արձակված կրակոցների հետևանքով թուրք քաղաքացի է զոհվել: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Հունաստանի ԱԳՆ-ի  տվյալներով՝ «Անկարայում Հունաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, ստացված հրահանգներին համապատասխան, արձագանքելով համապատասխան արտակարգ դեմարշին, որի շրջանակներում նա այսօր կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, լիովին հերքել է Թուրքիայի մեղադրանքները Էվրոսի շրջանում (հունա-թուրքական ցամաքային սահմանին) իբր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ»: «Նա թուրքական կողմին մատնանշել է իր սահմանները պաշտպանելու և մարդկանց առևտրով զբաղվողների գործունեությունը և անօրինական ներգաղթը թույլ չտալու պարտավորությունը», – ասված է հաղորդագրության մեջ: Հունաստանի քաղաքացիների պաշտպանության գործերի նախարարությունը և հունական ոստիկանությունը կիրակի կարճ հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Ինչ վերաբերում է կայքերում վերարտադրված թուրքական ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա մենք հայտնում ենք, որ հունական ուժերը չեն մասնակցել Էվրոսում՝ դրանց կողմից նկարագրվող միջադեպին»: Թուրքական ԶԼՄ-ների վարկածը Թուրքական ԶԼՄ-ները պնդում էին, որ շաբաթ օրը Էվրոս գետի թուրքական ափին, որի հունով մասամբ անցնում է երկու երկրների միջև սահմանը, Էդիրնե քաղաքից ոչ հեռու, հունական կողմի կրակից զոհվել է 43-ամյա թուրք: Աթենքի աղբյուրները հունական iefimerida թերթին հայտնել են, որ Հունաստանը ոչ մի կապ չունի 43-ամյա թուրքի մահվան հետ: Դրանց խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել Էվրոսի թուրքական ափին, որին մասնակցել են անօրինական միգրանտների երկու մատակարար, նրանցից մեկը հարբած է եղել: Աթենքի իրավասու աղբյուրները նաև պարզաբանել են, որ հետաքննությունն անցկացվել է ինչպես բանակում, այնպես էլ ոստիկանությունում, և հաստատվել է, որ հունական կողմից հրաձգություն չի եղել: Նույն աղբյուրները խոսում են թուրքական կողմից Էվրոսում տեղի ունեցածը քարոզչական նպատակներով օգտագործելու մասին ՝ Հունաստանին վերագրելու մտադրությամբ:

Lragir.am,
01-08-2021 18:19