Այդ կոմունիկացիները մեզ ոչինչ չեն տալու, դա հեքիաթ է

Lragir.am-ի զրուցակիցն է «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության ղեկավար Գագիկ Աղաջանյանը Պարոն Աղաջանյան, Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը Սյունիքով միջանցք բացելու հարց չի քննարկում, բայց տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիները պետք է բացվեն: Ըստ նրա՝ ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հայաստանի տարածքով պետք է հաղորդակցվի Նախիջևանի, Վրաստանի, Իրանի հետ: Տնտեսապես որքանո՞վ է Հայաստանին ձեռնտու կոմունիկցիների բացումը: Մենք պետք է նախ ուսումնասիրենք, թե ինչ ապրանք ունենք, որ մեզ հետաքրքրի Միջինասիական շուկան: Այդ ինչ ապրանքներ ունենք մենք, որ Միջին Ասիա կարող ենք տանել: Ռուսական շուկան անսպառ շուկա է, մենք այսօր ռուսական շուկա տանելու ապրանք չունենք, հիմա էլ Միջին Ասիա: Այդ կոմունիկացիները մեզ ոչինչ չեն տալու, դա հեքիաթ է: Երկրորդ, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան կոմունիկացիան երբեք մրցունակ չի եղել և չի լինի այսօր գործող ճանապարհի համեմատ: Առավել ևս, որ երեք տարի հետո շահագործման կհանձնվի նոր թունելը, որը վրացիները կառուցում են: Դրանից հետո Ադրբեջանի ճանապարհը բացարձակ մեզ հետաքրքիր չէ: Այսինքն՝ արդեն հետաքրքիր չէ, իսկ մի քանի տարվա հեռանկարում բացարձակ հետաքրքրություն չի ներկայացնելու: Ինչ վերաբերում է Իրանին, եթե Իրանի հետ ուզում են ճանապարհ բացել, թող Երասխից Թուրքիայի միջոցով ճանապարհը առանց Նախիջևանի ուղիղ մտնի: Այո, միջանցք չէ, դա կոմունիկացիա է, այդ մի բանը համաձայն եմ, միջանցքի մասին խոսք չի կարող լինել, դա կոմունիկացիա է: Բայց եթե դու բացելու ես այդ ճանապարհը, դրանից օգտվելու են բացարձակապես իրենք, մեզ ոչինչ չի տալու դա: Հայաստանի տարածքով՝ Զանգեզուրով անցնելու է 40 կմ ճանապարհ, որը հազարավոր կիլոմետրեր իրար է կապելու: Եվ դու ստանալու ես գումար՝ 5 կամ 6 դոլար մեկ տոննայի համար, որի ինքնարժեքը հենց 5,5 դոլար է: Այսինքն՝ դու ոչինչ չես շահելու, ճանապարհ ես սարքելու, որ տաս իրենք շահագործեն, ինչի՞ համար: Նաև կա մտավախություն, որ հայ գործարարները միևնույն է Ադրբեջանի տարածքով կխուսափեն բեռներ տեղափոխել դեպի Ռուսասան: Դուք ասում եք, որ դա նաև տնտեսապես ձեռնտու չէ: Այստեղ խնդիրն այն չէ՝ հայ գործարար է, թե վրացի, խնդիրն այն է, որ տնտեսական շահ չկա: Եթե տնտեսապես ձեռնտու չէ, եթե քո մրցակիցը Վրաստանով ուղիղ գնալու է դեպի Ռուսաստան ու իր վրա փոխադրումն ավելի էժան է նստելու, ո՞վ կգնա թանկ ճանապարհով: Այս հարցը ազգային պատկանելության հարց չէ, զուտ տնտեսական շահավետության մասին է խոսքը, տնտեսապես դա մեզ շահավետ չէ, վերջ: Իշխանությունների կողմից հիմնավորումներ են ներկայացվում, որ ի վերջո կոմունիկացիները պետք է բացվեն, Հայաստանը չի կարող մշտապես փակ մնալ: Բայց Հայաստանը կոմունիկացիները բացում է իր համա՞ր, թե՞ ուրիշների: Եթե իր համար է բացում, իհարկե, պետք է բացի: Բայց եթե դու բացում ես միայն ուրիշների համար, իմաստը ո՞րն է: Մարդիկ ձեզ ասում են, որ Նախիջևանից հետո երկաթուղին, որը գոյություն ունի, որը գալիս է մտնում է Երասխով, Երևանով, Ախուրյան կայարանով, Կարսով, դա չենք շահագործելու: Մարդիկ դա բացահայատ ասում են ՝ տալիս եք այդ 40 կմ-ն, Նախիջևանից 400 կմ նոր երկաթգիծ ենք կառուցելու մինչև դեպի Իգդիր, Իգդիրից էլ Կարս, և ձեզ հարավից շրջանցելու ենք: Նրանք դա բացահայտ ասում են՝ դուք տվեք այդ ճանապարհը, մենք ձեզ հարավից էլ կշրջանցենք: Հայասաստանի քթի տակով նոր երկաթգիծ են կառուցում, այն դեպքում, երբ մենք գետի այս ափով ունենք երկաթգիծ: Բայց մեզ չեն ասում՝ հետո էլ ձեր երկաթգծով էլի կգնաք Թուրքիա: Դուք ի՞նչ եք կարծում՝ այդ նույն 40 կմ երկաթգիծը չէր կարելի՞ Իրանի տարածքով տանել: Ի՞նչ տարբերություն՝ գետի այս ափով է անցնելու այդ կոմունիկացիան, թե՞ գետի այն ափով: Ինչո՞ւ ոչ ոք այդ հարցը չի քննարկում, որովհետև Իրանը հեռատես երկիր է, ասել է՝ ոչ մի դեպքում ես ձեզ երկաթուղային այդ կոմունիկացիան չեմ տա, մեքենայի ճանապարհը տվել է, գնացեք-եկեք: Այսինքն՝ Իրանը հասկացել է, որ դրանով իրեն են շրջանցելու: Կոմունիկացիան տալը արժեք ու գին ունի, այսինքն՝ դրա դիմաց մենք պետք է պահանջներ դնենք, մեր օգուտը ստանանք: Եթե դա լինի պայմանը, կարող ենք քննարկել: Բայց այսօր այն տեսքով կոմունիկացիաների բացումը, ինչի մասին խոսվում է, անթույլատրելի է: Երեսուն տարվա ընթացքում Հայաստանը հյուսիսից շրջանցող ճանապարհ միշտ եղել է՝ Ադրբեջանից ուղիղ Վրաստան: Հետագայում արևմուտքից շրջանցող ճանապարհը կառուցվեց՝ Կարսից Ախարքալակով ուղիղ դեպի Վրաստան, Կասպից ծովի ափով դեպի Իրան գնացող երկաթգիծը կառուցվեց, հիմա շահագործման է հանձնվում, հետևաբար՝ արևելքից էլ Հայաստանը շրջանցվեց, հիմա ասում են՝ հարավից էլ տվեք, ձեզ շրջանցենք: Ու վերջ: Լինելով 4 հարևան երկրի արանքում՝ դու շրջանցվում ես բոլոր կողմերից, բոլոր պարագաներում: Տվեք այդ ճանապարհը պրծեք, փակեք էս երկիրը, հանձնեք իրենց:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
01-08-2021 22:20