Ի՞նչ պետք է փոխել ՇՄԱԳ օրենքում

06-08-2021 18:35

Կանաչ Հայաստան ՀԿ – ՇՄԱԳ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական առաջարկներ. Նազելի Վարդանյան No. 1 ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքի նախագծի փոփոխություններ: Շրջակա միջավայրի նախարարությանը կից Հասարակական խորհրդի անդամները վեր են հանել ոլորտում առկա խնդիրները և ներկայացրել նախարարությանը լուծումների իրենց տեսլականը: «Կանաչ Հայաստան» Բնապահպանական Կրթական ՀԿ-ն ներկայացնում է այդ առաջարկները հանրության դատին: Այս շարքում առաջինը ներկայացնում ենք փաստաբան, Հայաստանի անտառներ ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանի առաջարկությունները: ՇՄԱԳ-ը՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ( ՇՄԱԳ, EIA (անգլ.՝ Environmental Impact Assessment)), շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման Միջազգային միության (IAIA, International Association for Impact Assessment) տերմին է: Նախատեսված է շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա ծրագրվող տնտեսական գործունեության ցանկացած տեսակների ազդեցության վտանգավորության աստիճանի և ինտենսիվության բացահայտման համար: «Ես կարծում եմ, որ սա այն օրենքներից է, որ ավելի լայն քննարկման պետք է դրվի, քանի որ տարբեր կազմակերպություններ են առնչվում այս օրենքին՝ և բիզնեսները, և հասարակական կազմակերպությունները, և տեղական ինքնակառավարման մարմինները: Բոլոր այս խմբերի հետ պետք է քննարկում արվի և նոր մտնի Ազգային ժողով: Հակառակ դեպքում արդյունավետ չի լինի: Օրենքի նախագծում կան որոշ դրական փոփոխություններ, օրինակ ժամկետների առումով հաշվի են առել Օրհուսի կոնվենցիայի համապատասխան կոմիտեի առաջարկները և ինչ որ չափով ավելացրել են ժամկետներ, թեև, եթե ավել լիներ, առավել նպատակահարմար կլիներ: Այնուամենայնիվ, թե ծանուցման առումով, թե նյութերին ծանոթանալու ժամկետները, թե առաջարկներ ներկայացնելու ժամկետներն այս նախագծում ավելին են, քան գործող օրենքում: Սակայն ավելի նեղացել է հանրության մասնակցության հնարավորությունը: Նախկինում նախնական քննարկում կար, և գործող օրենքով երեքից չորս լսումներ էին նախատեսված, այժմ նախնական գնահատման մասն ընդհանրապես դուրս է եկել, նախնական գնահատում չի արվում, մեկ փուլով պետք է անցնի փորձաքննություն: Ես գտնում եմ, որ դա սխալ է, քանի որ նախնական գնահատման փուլում բավականին շատ բաներ էին պարզվում. բիզնեսի ներկայացուցիչների և հանրության համար դա այն միջոցն էր, երբ կարող էր պարզ դառնալ հետագա ինչ ընթացք կարող էր ունենալ, և բիզնեսը ժամանակ չէր կորցնի, եթե բացասական էին գնալու քննարկումները, և հանրությունը հնարավորություն ուներ մի քանի փուլով իր կարծիքն ասելու և մասնակցություն ունենալու այդ գործընթացին: Ես գտնում եմ, որ նախնական գնահատման փուլը հանելը նպատակահարմար չէ: Ազդակիր համայնք, թե՞ բնակավայր Առաջարկություններ եմ արել նաև որոշ սահմանումներ հստակեցնելու վերաբերյալ, օրինակ, ազդակիր համայնք կամ ազդակիր բնակավայր: Ես գտնում եմ, որ ողջ տեքստում պետք է օգտագործել ազդակիր բնակավայր, ոչ թե ազդակիր համայնք տերմինը, քանի որ Հայաստանի համայնքները հիմնականում խոշորացվել են, և այդ խոշորացված համայնքի մեջ մտնում են այնպիսի բնակավայրեր, որոնք ընդհանրապես ազդեցություն չեն կրում և ազդակիր չեն կարող լինել: Եթե նախատեսում են լսումներ անել խոշորացված համայնքում, ապա, օրինակ, տաս համայնքից միայն մեկը կարող է ազդակիր լինել, ուստի տոկոսային առումով այդ համայնքի ձայնը կկորի ընդհանուր բնակավայրերի ձայնի մեջ: Այսինքն ազդեցություն չկրող բնակավայրերը կարող են որոշում կայացնել ի վնաս  ազդեցություն կրող բնակավայրի: Ուստի ես առաջարկում եմ օգտագործել ազդակիր բնակավայր տերմինը, այսինքն լսումները կազմակերպել միայն այն բնակավայրերում, որոնք կրելու են ազդեցություն: Տեքստում ընդհանրապես չի երևում, թե այդ ազդակիր բնակավայրերն ինչպես են ընտրվում: Նախկինի պես նշված է, որ ազդակիր համայնքը պետք է լինի հաշվետվության փաստաթղթերի մեջ ներկայացված: Սա դրվել է ձեռնարկողի վրա: Այո, ձեռնարկողը ներկայացնում է ազդակիր բնակավայրերի ցանկը, սակայն դա պետք է հաստատվի շրջակա միջավայրի բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ: Այսինքն, եթե որոշմամբ հաստատվի, դա կդիտվի որպես վարչական ակտ և այն կարող է հետագայում բողոքարկվել: Մենք ունենք նման փորձ, երբ Ջերմուկը Ամուլսարի ծրագրում ճանաչված չէր որպես ազդակիր համայնք, ուստի բնակիչներից մեկը դիմել էր վարչական դատարան, որպեսզի ճանաչվի ազդակիր համայնք: Դատարանը մերժել էր այդ հայցը վարույթ ընդունել՝ պատճառաբանելով, որ ազդակիր չեն: Սա փակուղային իրավիճակ է: Իսկ եթե օրենքում նախատեսված լինի, որ լիազոր մարմնի ղեկավարն է հաստատում այդ ցանկը, դա արդեն կլինի վարչական ակտ, և հետագայում հնարավոր կլինի վիճարկել դատարանում, իսկ պատասխանատվությունն էլ կլինի ոչ միայն ձեռնարկողի վրա, այլ նաև ընթացքում լիազոր մարմինը կարող է ավելացնել կամ պակասեցնել ազդակիր համայնքների քանակը և մասնակցությունն այդ գործընթացին՝ այդպիսով նաև կրելով պատասխանատվություն: Ես կարծում եմ, որ այս առաջարկն ավելի նպատակահարմար է և ավելի մեծ երաշխիքներ կտա ազդակիր համայնքների ճիշտ ցանկն ունենալու և այս գործընթացում ազդեցություն կրող բոլոր համայնքներին ներգրավելու համար: Առողջապահության նախարարության փորձագիտական գնահատման անհրաժեշտությունը Մարդու առողջության վրա ազդեցության գնահատումն արվում է առողջապահության ոլորտի լիազոր պետական մարմնի կողմից, ինչը նախատեսված է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին 92թվականի օրենքով, որը մինչ օրս չի կիրառվել:Առողջապահության նախարարության կազմում կա ՊՈԱԿ, որը ստեղծվել է այդ նպատակով, որպեսզի սանիտարական կամ մարդու առողջության վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն իրականացնի, սակայն մինչ օրս գնահատում և փորձաքննություն չի արվել և դա նախատեսված է Շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության մեջ՝ տեղ-տեղ հիշատակվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է գնահատի մարդու առողջության վրա ազդեցությունը, այլ հոդվածներում դրա մասին չի նշված, մոռացված է: Բայց ես գտնում եմ, որ դա Շրջակա միջավայրի նախարարության իրավասություններից դուրս է, քանի որ դա շատ նեղ մասնագիտական է և պետք է այդ փորձաքննական մարմինը ունենա համապատասխան մասնագետներ, որը Շրջակա միջավայրի նախարարությունը չունի և պետք է արվի առողջապահության ոլորտի փորձաքննական ՊՈԱԿ-ի կողմից: Ուստի դրա հետ կապված առաջարկել եմ և ընդերքի մասին օրենքում, և ՇՄԱԳ օրենքի նախագծում որպես առանձին փորձաքննություն ավելացնել մարդու առողջության վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն, որի կատարումը պետք է լիազորել առողջապահության ոլորտի լիազոր մարմնին, այսինքն Առողջապահության նախարարությանը և համապատասխան ՊՈԱԿ-ին: Հակառակ պարագայում ուղարկվում է կարծիքի, և Առողջապահության նախարարությունը գրում է, որ կարծիք կամ առաջարկ չունի և դրանով սահմանափակվում է: Ի տարբերություն այդ վկայակոչած օրենքին, ուր շատ սահմանափակ է գրած ոլորտները, թե երբ պետք է արվի պարտադիր փորձաքննություն: Ես կարծում եմ և այդ օրենքում, և ընդերքի մասին օրենսգրքում և այստեղ պետք է հիշատակվի հենց փորձաքննության մասին օրենքի նախագծի 16-րդ հոդվածը, այսինքն այդ ցանկում, որը պարտադիր պետք է բնապահպանական փորձաքննություն անցնի, պետք է անցնի նաև մարդու առողջության վրա ազդեցության գնահատում և փորձաքննություն: Ի վերջո այս նախագծի 16-րդ հորդվածում նշված են գործողություններ, որոնք իսկապես ազդեցություն ունեն և շրջակա միջավայրի վրա, և մարդու առողջության վրա: Այդ գործունեությունների մեջ նշված են, օրինակ, ազբեստի կիրառմամբ գործողություններ. ես առաջարկել եմ հանել այդ մասը, քանի որ Հայաստանը Ազբեստի կիրառման արգելքի կոնվենցիան է վավերացրել և Հայաստանում արգելված է ազդբեստ կիրառել: Այսինքն գործողությունների այդ ցանկն էլ ճշգրտման կարիք ունի և դրանով պետք է զբացվեն ոլորտային մասնագետները: Փաստաթղթի ուժը կորցնելու հիմքերը Նոր նախագծի մեջ նշված է, որ փորձաքննության դրական եզրակացությունը ուժը կորցնում է: Ես գտնում եմ, որ փորձաքննության դրական եզրակացությունը չի կարող ուժը կորցնել, քանի որ վճռաբեկ դատարանով փորձաքննության դրական եզրակացությունը դիտվել է ոչ վարչական ակտ: Եթե դա վարչական ակտ չէ, ապա այն չի կարող ուժը կորցնել, իսկ դրա իրավական հետևանքները ոչնչի մասին չեն խոսում: Ես առաջարկել եմ փորձաքննության արդյունքում շրջակա միջավայրի լիազոր մարմնի ղեկավարը որոշմամբ կամ ընդունում է փորձաքննության դրական եզրակացությունը, կամ մերժում է: Այսինքն լիազոր մարմնի ղեկավարի որոշումն է այստեղ վարչական ակտ, և սա համահունչ կլինի ընդերքի մասին օրենքում վերջին փոփոխություններին, որտեղ նշվում է, որ շրջակա միջավայրի փորձաքննությունը հաստատում է վարչական ակտով: Այսինքն ոչ թե փորձաքննությունն է դիտվում որպես վարչական ակտ, այլ լիազոր մարմնի ղեկավարի որոշումն է դիտվում որպես վարչական ակտ: Այս մասին նախագծում ընդհանրապես չի նշվում: Ես կարծում եմ, որ պետք է նշվի, որ փորձաքննության վերաբերյալ վարչական մարմնի ղեկավարը, այսինքն նախարարն է արձակում է մերժման կամ դրական որոշում: Երբ արդեն խոսում ենք ուժը կորցնելու մասին, հենց այս որոշման ուժը կորցնելու մասին պետք է խոսենք, այլ ոչ թե եզրակացության ուժը կորցնելու մասին, որպեսզի հետագայում արդեն հենց այդ որոշումը վիճարկվի դատարանում, այլ ոչ թե եզրակացությունը, որը վարչական ակտ չէ և չի կարող վիճարկվել դատարանով: Գործող օրեքնում նշված է, որ եթե ձեռնարկողը մեկ տարվա ընթացքում չի սկսում այն գործունեությունը, որի համար ստացել է փորձաքննական եզրակացություն, ուժը կորցնում է: Նախագծով սա դարձրել են երեք տարի, որը ես գտնում եմ, որ սխալ է, քանի որ անալոգիայով կարող եմ ասել նույնը նախատեսված է շինթույլտվության համար: Շինթույլտվությունը մեկ տարում ուժը կորցնում է, եթե չես սկսում շինարարությունը: Քննարկման ժամանակ նախարարության ներկայացուցիչն ասեց, որ մեկ տարում բնության մեջ փոփոխություններ չեն կարող լինել, երեք տարում կլինի: Այս տրամաբանությամբ կարող ենք ասել, որ մեկ տարվա մեջ էլ կարող են լինել փոփոխություններ և հակառակը՝ երեք տարում կարող է չլինել: Մեկ տարվա պահանջը ոչ միայն բնապահպանական պահանջ է, այլ նաև ուղղորդվում ենք տնտեսական, պետական շահերով, քանի որ պետությունը տրամադրում է հասարակական տարածք և ռեսուրսներ, սակայն մեկ տարուց ավել որևէ հետադարձ օգուտ պետությանը, հանրությանը, բյուջեին չի տրվում: Այսինքն եթե թույլտվություն ես ստացել, մեկ տարվա մեջ պետք է գործունեություն իրականացնես, հարկեր վճարես, սոցիալական ծրագրեր իրականացնես, պարտականություններ իրականացնես, եթե չես իրականացնում, ստացվում է, որ հանրությունը և պետությունը դրանից օգուտ չեն քաղում: Դրա վառ օրինակն է Լիդիանին 2009թ-ին տրված թույլտվությունը, որոնք մինչ օրս ձեռնարկողը չի իրականացրել: Եվ 2009թ-ի եզրակացությունը, և 2012, և 2014, և 2016թ-ի եզրակացությունները մեխանիկորեն ուժը կորցրած են: Այսօր երբ ասում են, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել, չի կարող, քանի որ գործող օրենսդրությամբ էլ նախատեսված է, որ մեկ տարում եթե չի սկսել գործընթաց, ինքը մեխանիկորեն ուժը կորցնում է: Նախագծով նախատեսված է երեք տարի, ես առաջարկել եմ, որ մենք մեկ տարին կիրառենք, իսկ դրանից հետո տարածքային կառավարման նախարարության կողմից դադարեցվեն բոլոր թույլտվությունները: Շրջակա միջավայրի փորձաքննական որոշումը մեխանիկորեն ուժը կկորցնի, բայց թույլտվությունները ուժի մեջ են, ուստի առաջարկում եմ նաև ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն արվի, որ եթե այնտեղ ուժը կորցրած է, այստեղ ևս դադարեցվում են բոլոր թույթտվությունները: Ինչ վերաբերում է նախարարի կողմից որոշման ուժը կորցրած ճանաչելուն՝ գործող օրենսդրության մեջ կային վիճահարույց կետեր, և նոր նախագծով չի նախատեսվում, որ, օրինակ, եթե ձեռնարկողը նախագծին համապատասխան չի գործում կամ խախտում է, այս մասը գործող օրենքում կա, բայց նախագծում չկա: Նոր ի հայտ եկած գործոնների մասով իբր ուզեցել են պարզաբանում մտցնել, բայց այստեղ էլ նշված է, որ այն գործոններն են, որ ընդհանրապես գոյություն չեն ունեցել փորձաքննության ընթացքում: Ես առաջարկում եմ, որ որպես պարզաբանում կետեր նշվեն, բացի գոյություն չունեցող գործոններից, նաև գործոններ, որոնք եղել են փորձաքննության ընթացքում, բայց փորձաքննող մարմնին հայտնի չեն եղել, քանի որ ձեռնարկողն իր հաշվետվության մեջ դրա մասին չի գրել: Կեղծ, ոչ հավաստի տվյալներ Որպես ուժը կորցնելու հիմք առաջարկել եմ նաև նոր հիմք, որը գործող օրենքում կամ նախագծում չի նախատեսված՝ դեպքերը, երբ ձեռնարկողը կեղծ, թերի կամ սխալ տվյալներ է ներկայացրել ՇՄԱԳ-ում և դրանց հիման վրա է փորձաքննությունն արել: Օրինակ, ԷԼԱՐԴ-ի եզրակացության մեջ նշված էր, որ սխալ, թերի և կեղծ տվյալներ են ներկայացված եղել, օրինակ, Լիդիանի կողմից և դրա հիման վրա փորձաքննություն է արվել: Գործող օրենսդրությունը նոր սկսվող գործընթացների վրա էր տարածվում, և ծրագրի փոփոխություն, քանդել, վերակառուցում և այլնի վրա չէր տարածվում, իսկ նախագծով դրական է, որ նախատեսվում է նոր փորձաքննություն և նոր գնահատում ցանկացած փոփոխության դեպքում: Ես կարծում եմ, որ ցանկացած փուլում՝ դադարեցման, վերակառուցման, ցանկացած փոփոխության փուլում պետք է նոր ՇՄԱԳ փորձաքննություն լինի: Հասարակական կազմակերպությունների դերը Առաջարկում եմ փոփոխություն մտցնել նաև հասարակական կազմակերպությունների մասին օրենքում, հանել այն դրույթը, որ ՀԿ-ն կարող է դիմել դատարան միայն երբ իր կանոնադրության մեջ ամրագրված է այդ դրույթը, եթե մասնակցել է ՇՄԱԳ լսումներին, և եթե վերջին երկու տարվա ընթացքում համապատասխան գործունեություն է իրականացրել: Արդարադատության մատչելիության առումով սա լրացուցիչ խոչընդոտ է հասարակական կազմակերպությունների համար դատարանում իր և իր վստահորդների իրավունքների պաշտպանության համար: Ես կարծում եմ, որ այս դրույթը պետք է հանվի, իսկ այնտեղ ուր հոդվածում նշված է, որ շրջակա միջավայրի վերաբերյալ, հաշմանդամների վերաբերյալ, և այս դրույթներին կավելացնեմ նաև մարդու առողջության վրա ազդեցության վերաբերյալ գործերով ՀԿ-ներն առանց սահմանափակումների պետք է կարողանան դիմել դատարան»:

Lragir.am,
06-08-2021 18:35