«Ռուսները երկու անգամ թողել գնացել են․ Իրենք Արցախում մեր հաշվին են մնում»

09-09-2021 15:05

Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանը կարծում է, որ Արցախի խնդրի լուծումը Հայաստանի հետ միացման ճանապարհով պետք է լինի: «Անկախության 30 տարիները մենք ապաշնորհ օգտագործեցինք, մենք ունեինք հնարավորություն՝ զարգանալու, բայց ամեն ինչ զիջեցինք Ադրբեջանին: 1988 թվականից բոլոր միտինգներում զրույցը գնացել էր միավորման մասին: Ի՞նչ ասել է անկախանալ քո հայրենիքից, ասել էինք՝ միացում, պետք է գնայինք այդ ճանապարհով ու հաստատեինք Գերագույն խորհրդի որոշումն այդ մասին: Լուծումը նորից միացումն է, ոնց ուզում եք արեք: Բայց այսօրվա պայմաններում մենք խնդիր ունենք Արցախում զինված ինչ-որ բան կազմակերպել, որովհետև այսօր բնակիչն այնտեղ ապրում է իր ռիսկով: Իրեն ասել են՝ ռուսները քո գառանտն են, եթե ռուսը հելնում գնում է, բա ո՞նց ենք անելու: Ես ռուսի դեմ բան չունեմ, բայց ես ունեմ իր օրինակը՝ երկու անգամ իրենք մեզ լքել, թողել գնացել են: Ցանկացած պահի իրենք կարան նորից թողնեն գնան: Իրենք Արցախում մեր հաշվին են մնում, մեզ ասում են՝ եկեք Ղարաբաղ: Ռուսին պետք է, որ բնակչության թիվ ներկայացնի, ասի՝ եկել եմ այսքան բնակչությանը պաշտպանելու»,- ասաց նա: Աշոտ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ: «Ռուսները զորքով եկան մտան, այստեղ մեր կառավարությունը պետք է խաղ խաղար, ասեր՝ մենք ռուսների դեմ ոչինչ չունենք, բայց ռուսական խաղաղապահ ուժերը չեն հերիքում ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Հետևաբար, Հայաստանն իրավունք ունի դիմելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրներին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Այսինքն՝ մենք ոչ թե կոնֆլիկտ ենք ստեղծում Ռուսաստանի հետ, այլ ասում ենք՝ դու որ մասը ասում ես ադրբեջանական է, այդտեղ տանում ենք ուրիշ խաղաղապահներ ենք տեղակայում, որովհետև ստացվում է, որ դու Ադրբեջանի հետ ես, եթե նման ելույթներ ես ունենում: Մեղրիի հատվածում մենք միայն ռուսական զորքերի առակայություն չպետք է թույլ տանք: Պարզապես դիվանագետները պետք է աշխատեն, ոչ թե դիվանի վրա քնեն»,- նշեց նա: Աշոտ Հարությունյանը հավելեց․ «Մենք Հայաստանի կառավարությանը կոչ ենք անում ուշքի գալ էս ամենից, նախկիններ-նորեր այդ խաղը վերացնել, մենք ունենք մի խաղ՝ Ադրբեջանի դեմ խաղ: Տեսեք Ադրբեջանն ինչ պրոյեկտներ է անում Արցախի տարածքում: Պետք է դադարեցնել էս ժողովրդի ներվերի հետ խաղալը, գոնե փորձել թշնամու հետևից հասնել: Մեր կառավարությանը կոչ ենք անում էս անտարբերությունից դուրս գալ ու անցնել գործնական քայլերի»:

Lragir.am,
09-09-2021 15:05