«Պայքարելու ենք Հադրութ վերադառնալու համար»․ Մարգարիտա Քարամյան

09-09-2021 15:15

«Արդեն մոտ մեկ տարի է՝ մենք բռնի տեղահանված ենք համարվում, ունենք ՀՀ անձնագրեր, բայց Հայաստանի քաղաքացի չենք, չունենք բնակարաններ և ապագայի մասին տեսլական»,- այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը: Նա հավելեց․ «Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, քանի որ Հայաստանի կառավարությունն է տնօրինել մեր ճակատագիրը: Բռնի տեղահանված արցախցիների գլխավոր հարցն այսօր բնակարանային հարցն է, առջևում ձմեռ է: Տարբեր առաջարկներ ենք մենք անում կառավարությանը: Մարդիկ պահանջում են կամ տալ փոխհատուցում իրենց վերցրած տների համար Հայաստանում, որպեսզի այստեղ ապրեն, քանի որ Արցախում ոչ այդքան բնակարաններ կան, ոչ էլ պայմաններ, բոլորը չեն կարող գնալ ծայրամասային տներում ապրել: Կամ առաջարկում ենք ժամանակավոր դոմիկներով թաղամաս սարքել արցախցիների համար: Մենք ամբողջ կյանքներս քոչվոր չենք լինելու: Մենք պետք է հարց դնենք պետության առջև, որ ավելի լուրջ վերաբերվեն այս ամենին: Մենք չենք գնալու այլ երկիր, մենք մեր երկրում ենք՝ Հայաստանում, դրա համար չենք կարողանում ստանալ փախստականի կարգավիճակ, այսինքն՝ մենք ժամանակավոր բռնի տեղահանվածներ ենք»: Մարգարիտա Քարամյանը հավելեց, որ իրենց վերջնական նպատակը իրենց բնակավայրեր վերադառնալն է: «Միևնույն է, մենք պայքարելու ենք հետ գնալու համար, ինչքան էլ դա դժվար լինի: Ինչքան էլ այսօրվա զարգացումները մեր օգտին չլինեն, բայց դա չի նշանակում, որ մենք ձեռնքերս ծալած նստելու ենք»,- ընդգծեց նա:

Lragir.am,
09-09-2021 15:15