Շնորհակալ եմ երկու ժողովուրդների բարեկամության գործում Ձեր ներդրման համար. ՀՀ նախագահն ընդունել է Ժոնաթան Լաքոթին

10-09-2021 15:54

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Լաքոթի դիվանագիտական ծառայությունը Հայաստանում և շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանն ուղղված նրա անձնական ջանքերի համար: «Շնորհակալ եմ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում Ձեր ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար»,- ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ասել է Արմեն Սարգսյանը: Նա երախտագիտական նամակ է փոխանցել դեսպան Ժոնաթան Լաքոթին՝ ընդգծելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության գործում ունեցած նրա մեծ ավանդը: Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել նախագահ Սարգսյանի ցուցաբերած վստահությունը իր՝ որպես դեսպանի, գործունեության հանդեպ: Նա ասել է, որ եղել ու մնալու է Հայաստանի լավագույն բարեկամներից և շարունակելու է իր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների խորացման մեջ:

Lragir.am,
10-09-2021 15:54