Եթե խորհրդարանն ու պատգամավորները իրենց որպես արժանապատիվ պաշտոնյաներ զգան, ամեն ինչ իրենց ձեռքում է

Մեր զրուցակիցն է Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը Ազգային ժողովում իշխող խմբակցությունը արդեն 4-րդ անգամ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում չընտրեց Արթուր Ղազինյանին: Այս միտումը շարունակվելու դեպքում ինչ վտանգներ կարող են լինել, ինչ է այս քայլով փորձում անել իշխանությունը: Ի վերջո ընդդիմադիր թեկնածուները ևս պետք է զսպվածություն պահպանե՞ն: Զսպվածություն պետք է պահպանեն բոլորը, բայց դա չպետք է կապված լինի ընտրությունների հետ: Ի վերջո, եթե կա բանաձև, թե ինչպես են բաշխվում պաշտոններն Ազգային ժողովում, պետք է այդ բանաձևով առաջ շարժվել առանց ժամանակ կորցնելու և պատգամավորների աշխատանքի փոխարեն չպետք է զբաղվել այդ զուտ տեխնիկական բնույթ ունեցող հարցերով: Մենք արդեն բավականին ժամանակ կորցրեցինք ԱԺ աշխատանքների առաջին փուլում, երբ փաստորեն, այդ երկար քննարկումները և ոչ մեկի համար ոչ դուրեկան հայտարարությունները, որ հնչում էին թե իշխանության, թե ընդդիմության կողմից տարբեր թեկնածուների առաջադրման և քննարկման ժամանակ, հիմա այդ նույն անարդյունավետ գործողությունները տարածվել են հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրության փուլում: Ազգային ժողովը, կարծում եմ, այլ հարցերով է զբաղվում, քան պետք է զբաղվի: Պետք է ընտրությունները կատարեն ըստ ընդունված բանաձևի և աշխատեն արդեն: Զուսպ լինել չլինելը, կամ ով ինչ է ասում, դրանք այլ հարցեր են, որոնք միայն աշխատանքի ընթացքում կարող են լինել: Այսինքն, այս խորհրդարանը ցույց է տալիս իր ապաշնորհությո՞ւնը, իրավիճակին ոչ համարժեք լինե՞լը: Դուք ի՞նչ տպավորություն ունեք ԱԺ ձևավորումից ամիսներ անց: Առաջին հերթին հենց դա է մտահոգում, որ իրավիճակին և իրենց առաքելությանը ոչ համարժեք վարքագիծ են դրսևորում մեր պատգամավորները: Երևի դա գալիս է նրանից, որ իրենք էլ են գիտակցում, որ իրենցից շատ բան է կախված և որոշումներն այլ տեղ են կայացվում: Բայց դա իրենց ընտրությունն է. եթե խորհրդարանն ու պատգամավորները իրենց որպես արժանապատիվ պաշտոնյաներ զգան, ամեն ինչ իրենց ձեռքում է: Իրենք շատ հարցերի պատասխանները կարող են տալ, բայց փաստորեն համակերպվել են նրա հետ, որ խորհրդարանական հանրապետությունում որոշումներն այլ տեղ են ընդունվում, և իրենցից համարյա ոչինչ կախված չէ: Արդարադատության նախարարն այս օրերին սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպումների շարք է սկսել քաղաքական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների ու փաստաբանների հետ: Ձեր կարծիքով, մենք սահմանադրական ինչպիսի փոփոխություններ պետք է ակնկալենք, արդյոք պետք է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի և որքանով են այս քայլերը ուշացած: Ես չեմ կարող կանխատեսել, քանի որ շատ մշուշոտ է երևում քաղաքական իշխանության ռազմավարությունը, թե ինչպիսին են տեսնում Հայաստանի Հանրապետությունը: Իսկ որ ուշացած են այդ քայլերը, և Հայաստանում Սահմանադրությունը պետք է փոխվեր դեռևս 2019 թվականին, այսինքն խորհրդարանի ընտրվելուց մի քանի ամիս հետո, դա ակնհայտ է: Որովհետև Սահմանադրության հիմնական թերությունները բոլորին պարզ էին: Հեղափոխություն իրականացրած նոր քաղաքական ուժը պետք է հասկանար՝ ինչու է այդ հեղափոխությունն իրականացնում և ինչպես է տեսնում պետության ապագան: Հետևաբար Սահմանադրության հարցը պետք է արագ լուծվեր: Հիմա մենք ունենք լրիվ փոփոխված քաղաքական իրավիճակ, և ես արդեն շատ դժվար եմ պատկերացնում՝ ինչպիսի  առաջնահերթություններ են հետապնդում իշխանությունները: Համենայնդեպս, որևէ հետևողականություն  իրենց գործողություններում չի երևում: Դա էլ դժվարացնում է որևէ կանխատեսման հնարավորությունը: ՏԻՄ ընտրությունների հետ կապված ինչպիսի՞ դիրքորոշում դուք ունեք: Դրանք կարո՞ղ են վճռորոշ լինել: Ես համարում եմ, որ շատ կարևոր ընտրություններ են, թեև տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումները Հայաստանում չեն իրականացվել, և մենք տեղական ժողովրդավարության առումով ունենք ոչ թե առաջընթաց, այլ նահանջ: Սպասում եմ, որ բավականին քաղաքականացված ընտրություններ են լինելու, մանավանդ որ խոշոր համայնքներում համամասնական եղանակով են լինելու ընտրությունները և պայքարը գնալու է քաղաքական ուժերի միջև, որը պայմանականորեն ասած բարեփոխումների ամենաթույլ կողմն էր: Այսինքն համայնքներում համամասնական ընտրությունների պարագայում պետք է հնարավորություն լիներ ձևավորել ոչ թե քաղաքական ուժերի մասնաճյուղեր, այլ քաղաքացիական նախաձեռնություններ: Այսինքն տեղի բնակիչները պետք է ձևավորեին այն խմբերը, որոնք ունեն հիմնական պատկերացում իրենց համայնքների զարգացման վերաբերյալ: Դա փաստորեն, մի շարք կարևորագույն հարցերի հետ մեկտեղ, չի լուծվել: Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, որոնք համապետական մակարդակում իրենց չեն կարողացել դրսևորել, և միգուցե դա հենց այդ քաղաքացիական նախաձեռնությունների փոխակերպված տարբերակն է: Եթե  տեղում մարդիկ ակտիվություն և քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերեն, ապա կարծում եմ՝ ամեն դեպքում այս ընտրությունները հետագա զարգացումների համար մեծ նշանակություն կունենան:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
14-09-2021 22:43