Հակապետական քարոզչություն․ 5-րդ շարասյունն ակտիվացվում է

14-09-2021 23:56

Ինչպես ասում են` հասել ենք, իջեք: Մինչ հայ հասարակության տարբեր հատվածներ զբաղված էին և են միմյանց վրա ցեխ շպրտելով և այդ միջոցով ձգտելով պարզել, թե ով է իրական և նույնիսկ էտալոնային հայրենասերը` Անկախության տոնը նշողը, թե չնշողը, Անկախության կատաղի թշնամիները Անկախության օրվա նախաշեմին դիդակտիկ նյութերի միջոցով փորձեցին հասկացնել, թե իրականում ով է այսօր և այստեղ դրության և, առհասարակ, երկրի տերը: Հայաստանի տարբեր վայրերում գովազդային վահանակների վրա հայտնվել են «Հավերժ Ռուսաստանի հետ», իմա՝ «Հավերժ Ռուսաստանի մեջ» կոչերով և հայ կոմունիստների և ի վերջո` Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի մեծադիր պատկերներով գովազդային պաստառներ: Ոչ, ոչ: Պուտինի նկարով «ՊՈՒՏԻՆԿԱ» օղին չէ, որ գովազդվում է: Հայերին այդ միջոցով գովազդվում է անկախ պետականության գաղափարից հրաժարումը: Մեր գնահատմամբ, քաղաքական-գովազդային այդ տեռորը ռուսական կողմի խիստ հաշվարկված և վստահության մասին վկայող քայլերից չէ: Ավելի ճիշտ` հակառակը՝ վկայում է Հայաստանում նրա տապալման մասին:     Միաժամանակ դա ակնհայտ հակապետական քարոզչություն է այլ պետության տարածքում: Եվ այդ պետության ողղակի պարտականությունն է այն կանխելու և ընկճելու: Բնականաբար` համապատասխան իշխանական կառույցների միջոցով: Բայց կա՞ն արդյոք այդ կառույցները: Իսկ եթե կան, գործո՞ւմ են արդյոք: Ոչ թե մենք ենք ասում, այլ դեպքերն են ակնհայտորեն ցույց տալիս, որ տվյալ դեպքում դու չունես իրական գործող իշխանություն: Ինչպես որ չունես այդպիսին հարևան երկրից քո տարածք բեռներ տեղափոխող մեքենաները քո թշնամու կողմից ստուգման ենթարկելու պարագայում: Լավ, իշխանությունը փալաս է և գտնվում է ռուս-թուրքական ալյանսի կրնկի տակ: Բա մյուս քաղաքական ուժե՞րը: Ո՞ւր են դրանք: Ինչպես ասում են, ծպտունները չի ելնում: Իսկական գաղափարական պայքարի ասպարեզ է բացվել, ասեք ձեր խոսքը: Օրինակի համար, հեղեղեք Հայաստանը հայ բոլշևիկների և նրանց տերերի հակահայ գործունեությունը բացահայտող պաստառներով, թվերով ու պատկերներով: Ինչն է շատ` դրանց բացահայտ հակահայաստանյան և հակահայկական հանցագործությունների մասին վկայող փաստաթղթերը: Բայց չկա այսօր այդպիսի ուժ, չի երևում: Քանզի անցած 30 տարիների ընթացքում Հայաստանում գոյություն չի ունեցել քաղաքական կյանք, որպես այդպիսին: Եղել է դրա իմիտացիան, ինչը դրսևորվել է իշխանությունը գրավելով և պաշտոններ փախցնելով: Իշխանություն չունեցող երկրի նկատմամբ ով ինչ ուզենա կարող է անել: Եվ Անկախությանդ օրն էլ կստիպեն նշել 200 տարի եւ այսօր էլ իր գոյությունը հայկական կյանքերի ու տարածքների հաշվին պահող Ռուսաստանի նախագահի խոժոռ հայացքի ներքո:

Lragir.am,
14-09-2021 23:56