Ռազմիկ Թեւոնյանն «ինադ է ընկել» ու ազատման դիմում գրել․ Հրապարակ

15-09-2021 07:32

Հրապարակ թերթը գրում է․ «Ռազմիկ Թեւոնյանի՝ Արարատի մարզպետի պաշտոնից հրաժարվելու բազում պատճառներ շրջանառվեցին, որ նա պատրաստվում է ոչ միայն մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին, այլեւ ողջ պրոցեսը համակարգել` ընտրություններին առաջադրելով բացառապես իր մարդկանց, որոնցից մի քանիսը «հարուստ» քաղաքական անցյալ ունի, ուստիեւ մերժվել է կուսակցության կողմից, ինքն էլ ինադ է ընկել, ազատման դիմում գրել: Ի դեպ, նրա դիմումը դեռ չի ստորագրվել վարչապետի կողմից, մարզպետարանի պաշտոնական կայքում էլ մարզպետը դեռ Թեւոնյանն է: Թիմում հույս ունեն, որ նա հետ կվերցնի դիմումը՝ հատկապես որ այն կապում են Տիգրանաշենի հանձնման եւ այլ անվտանգային հարցերի հետ: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, ինչպես հայտնի է, առաջիկայում մարզում տեղի ունենալիք խոշորացման գործընթացով 4 խոշոր համայնք է ձեւավորվելու՝ Մասիսի, Արտաշատի, Վեդիի եւ Արարատի: Կուսակցության հետ կոնֆլիկտը հատկապես առաջացել է Մասիսի թեկնածուի պատճառով․ Թեւոնյանն այստեղ առաջարկել է Սայեն Հայրապետյանի` Մասիսի Սայադի թեկնածությունը, որն այժմ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն է եղել, իսկ 2012 եւ 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին նույնիսկ ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր: Նրա անունը շոշափվել է աղմկահարույց պատմություններում: 2018-ից հետո նա արագ կողմնորոշվեց եւ մտերմացավ Թեւոնյանի հետ: Սակայն Թեւոնյանին փոխարինողների անուններ էլ են շրջանառվում՝ ի դեմս փոխմարզպետ, նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանի եւ ՔՊ Արտաշատի կառույցի ղեկավար Կառլեն Մկրտչյանի: Վերջինիս նաեւ որպես Արտաշատի խոշորացված համայնքի թեկնածու են դիտարկել»:

Lragir.am,
15-09-2021 07:32