Արտոնյալ համարանիշներ այլեւս չեն լինի․ Հրապարակ

15-09-2021 07:36

Հրապարակ թերթը գրում է․ «Նոր ձեւավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլեւս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին: Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլեւս նման «անձեռնմխելի» պեհամարանիշներ չեն ունենա: Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթեւեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին: Առավելությունը, բացի «թիթիզությունից», մեկ էլ ՃՈ տեսուչների կողմից ավելի ներողամիտ վերաբերմունքն էր: Նրանք ճանաչում էին եւ չէին կանգնեցնում նման համարներով մեքենաները: Աշխատակազմից ասացին, որ միայն ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին ու խմբակցությունների ղեկավարներին է տրամադրվելու ԱԺ պետհամարանիշ՝ HH 01 սերիայով: Նրանց նաեւ ի պաշտոնե ծառայողական մեքենա է հասնում: Ի դեպ, այս պահին դեռեւս կան HH 11-ով սկսվող համարներով շրջող նախկին ու ներկա պատգամավորներ, որոնք այդ համարները նախորդ ԱԺ-ից էին ստացել ու դեռ չեն հանձնել: Աշխատակազմից ասացին՝ իրենք այդ համարանիշները հետ են պահանջում, մեծ մասն արդեն վերադարձրել են, մի քանի հոգի են մնացել, նրանք էլ շուտով կվերադարձնեն: Որից հետո այդ համարանիշները կդրվեն ազատ վաճառքի: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանի մեքենայի համարանիշը HH 11 սերիայից է: Նա իր նոր սպիտակ Toyota Land Cruiser 300 ամենագնացի վրա 301 HH 11 պետհամարանիշ է փակցրել, որը ոչ թե ԱԺ հաշվեկշռում է գրանցված, այլ իրենց պատկանող ՍՊԸ-ի վրա»:

Lragir.am,
15-09-2021 07:36