Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի ու Արցախի կառավարություններից

17-09-2021 13:16

Արցախից տեղահանված բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ, այնուհետև երթով շարժվել են Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ նամակ հանձնելով, նախատեսում են գնալ նաև Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատներ: «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջները: «Մենք նախորդ անգամ կառավարության մոտ հավաքի ժամանակ ասել ենք՝ եթե մեր հարցերը նորից թողնեք անպատասխան, մենք ստիպված ենք լինելու դիմել միջազգային կառույցներին: Մենք այսօր նամակ ենք հանձնում ՄԱԿ-ի գրասենյակին, այնուհետև Ֆրանսիայի դեսպանատուն նույնպես նամակ ենք հանձնելու: Նամակի բովանդակությունն այն է, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրել, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները: Աշխարհի հանրությունն իրավունք չունի անտեսել մեր ապրելու իրավունքը: Նոյեմբերի 9-ին թուղթ են ստորագրել, որի ստորագրողները նույնիսկ իրենք չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Մասնավորապես, այնտեղ 7-րդ կետը վերաբերում է տեղահանվածների վերադարձին: Մենք շատ ոգևորված չենք Երևանում ապրելով, ուզում ենք վերադառնալ Հադրութ: Նույնիսկ մեր բնակչությունից 2000 հոգի Ռուսաստան են տեղափոխվել, բայց հաստատ գիտեմ, որ Հադրութն ու Շուշին վերադարձնելուց հետո բոլորը հետ են գալու: Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին, առաջին հերթին մեր խնդիրը մեր հայրենիքում, մեր տարածքում մեր կյանքն ապահովելն է: Մեզ այսօր ասում են՝ եկեք Արցախ, բայց Արցախի կարգավիճակից չեն խոսում: Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի ու Արցախի կառավարություններից: Պետք է Արցախն առաջին հերթին ճանաչվի Հայաստանի մաս, երկրորդ՝ միջազգային խաղասապահ ուժեր պետք է տեղակայվեն »,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
17-09-2021 13:16