«Եթե ռուսն այդ տարածքը կարա պահի իրեն հայ չլինելու վարիանտով, իրեն ձեռնտու կլինի հայ չլինի, բայց տարածքը մնա իրեն»

Հադրութի բնակիչ Վլադիմիր Գրիգորյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի խնդրին: «1992 թվականից մենք գնում էինք նրան, որ վերջում պետք է ստացվեր այն, ինչ ստացվել է: Մենք մինչև կհասնեինք Իջևան, Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն գոռում էր, որ էդ հողերը Ադրբեջանի հողեր են, պետք է հետ տանք: Ու էսօր, երբ ադրբեջանցին եկել Հադրութը վերցրել է, հասել է Շուշի, ոչ մեկ չի ասում, որ դա հայի հողեր են, պիտի հետ տան մեզ»,- ասաց Վլադիմիր Գրիգորյանը: Նա նշեց, որ չի հավատում, որ այս իշխանությունն ինչ-որ հարց լուծելու է: «Օրինակ՝ իշխանությանը հարցնենք՝ երբ առաջարկել են սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել Արցախում, ինքն ասել է՝ ռուսական: Հիմա երբ ասում ենք՝ բանակը վերազինենք, թուրքն ինչ զենքով զինվել է, մենք էլ էդ զենքով զինվենք, էլի նորից ասում են՝ չէ, ռուսական: 1990 թվականին նույն վիճակն է եղել՝ ռուսի օգնությամբ թե ռուսի միջամտությամբ վիճակն էն է եղել, որ Հադրութը պիտի թողնեինք դուրս գայինք: Երբ որ ռուսները գնացել են, դրանից հետո մեր համար լավ է եղել: Հիմա նույն վիճակն է»,- ասաց նա: Ըստ Վլադիմիր Գրիգորյանի՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները խախտվել են, բայց իշխանությունը որևէ քայլ չի անում: «Վարչապետն ասել է՝ Ղարաբաղի հարցը լուծվելու է այնպես, որպեսզի բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին: Մենք էն ժամանակ չէինք հասկանում, որ Ղարաբաղի ժողովուրդ ասելով՝ ինքն ի նկատի է ունեցել ադրբեջանցիներին: Կամ եթե մարդուն ասում են՝ Շուռնուխի հատվածը 20-ական թվականների քարտեզով Ադրբեջան չէ, ինքն ասում է՝ չէ, Ադրբեջան է: Լավ կլիներ վարչապետին տեսնեինք հարցնեինք՝ եթե Ղարաբաղը ոչ մի բան է Հայաստանի համար, ինչո՞ւ է ինքը որոշել մեր ճակատագիրը: Ինքն իր անունից է ստորագրել այդ փաստաթուղթը, բայց խի՞ է դա վերաբերում մեր ճակատագրին: Կամ եթե ինքը ստորագրել է ու իր ստորագրածի տերն է, ամսի 9-ից հետո մարդկանց գերի են վերցրել: Թղթի մեջ գրված է եղել՝ կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են: Իրենք կանգնել են այնտեղ, հետո հայտնվել են Հայաստանի սահմանին, մեր երկու գյուղն էլ նորից վերցրել են»,- նշեց Վլադիմիր Գրիգորյանը: Նա անդրադարձավ նաև հարցին, որ հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի սահմաններից հայ զինծառայողներին հեռացրել էին ու ասել, որ ռուս սահմանապահներն են պահելու անվտանգությունը․ «Եթե ռուսն այդ տարածքը կարա պահի իրեն հայ չլինելու վարիանտով, իրեն ձեռնտու կլինի հայ չլինի, բայց տարածքը մնա իրեն: Մեզ պահում են այնտեղ, որ իրենք այդ տարածքում մնան, ուրիշ ոչ մի բան»:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
17-09-2021 15:52