Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք

26-09-2021 09:45

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք, հայտնում են ԱՀ ԱԱԾ-ից՝ մանրամասնելով, որ սույն թվականի սեպտեմբերի 25-ին սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և ռուսերեն լեզվով շեշտում, որ գտնվում է Խանքենդիում: Ազգային անվտանգության ծառայության և ԱՀ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ, 2000թ․ ծնված Մ․ Ա․-ն, ով ԱՀ Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Միաժամանակ, Ազգային անվտանգության ծառայությունից նշում են, որ ակնկալում են նաև այդ գործընթացում հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը՝ իշխանության մարմիններին հայտնելու պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ իրենց հայտնի դարձած տեղեկությունները՝ ի նպաստ Արցախի Հանրապետության: ԱԱԾ-ն նաև հորդորում է սոցիալական ցանցերում և այլ հարթակներում չտրվել հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդված ապատեղեկատվությանը և վախի մթնոլորտ ստեղծելուն ուղղված նյութերին:

Lragir.am,
26-09-2021 09:45