Ռուս զինվորականները Արցախի Ամարաս վանական համալիրի վրայից դարձյալ հանել են Արցախի դրոշը

27-09-2021 14:29

Ռուս զինվորականները Արցախի Ամարաս վանական համալիրի վրայից դարձյալ հանել են Արցախի դրոշը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը: «Ես գնացի Ամարաս, դրոշը տեղում չէր, շինարարին հարցրեցի՝ ո՞ւր է դրոշը, ասաց՝ ռուս զինվորականը հանեց, ասաց, որ հրաման է կատարում, պետք է տանի: Դրոշը տեղում չէ, բայց մենք նորից պետք է տանենք տեղադրենք, չենք թողնի այդպես»,- նշեց Արտակ Մկրտչյանը: Ըստ նրա՝ խոսակցություններ կան, որ Հայաստանի դրոշն են տեղադրելու Ամարասի վրա: «Դրանք ուղղակի խոսակցություններ են, կոնկրետ ինձ նման բան չեն ասել, բայց տեղեկություններ կան, որ ասել են՝ կարող եք Արցախինը հանել, Հայաստանինը դնել: Տարբերությունը որն է կամ ինչի համար, չգիտեմ»,- հավելեց նա: Մկրտչյանի խոսքով՝ Արցախի իշխանություններից որևէ արձագանք չկա տեղի ունեցածին: Նա նշեց, որ առայժմ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ աշխատանք է տանելու դրոշը դարձյալ Ամարասի վրա տեղադրելու ուղղությամբ: «Եթե բարձրաձայնեմ, ամեն կերպ ինձ կխանգարեն: Մինչև շաբաթվա վերջ արդեն պարզ կլինի, մեծ հնչեղություն կստանա համացանցում, մարդիկ կիմանան ինչ ենք պատրաստվում անել: Այդ աշխատանքն անելու ենք ես, իմ ընկերները և այն մարդիկ, ովքեր մտածում են ինձ նման, ովքեր ապրում են այստեղ մի հույսով, որ Արցախը կա ու պետք է լինի՝ առանց դրսի ուժերի ազդեցության ներքո: Ով ուզում է խանգարի, մենք չենք ենթարկվելու, անելու ենք այն, ինչ ուզում ենք»,- հավելեց նա:

Lragir.am,
27-09-2021 14:29