Ապագա բժիշկները ստացան գրադարանային եզակի համակարգից օգտվելու հնարավորություն

27-09-2021 17:40

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս Արմաիս Կամալովը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հանդիպել է ապագա բժիշկներին: Հանդիպումը նշանավորվեց նրանով, որ Արմաիս Կամալովը իր նախագահությամբ գործող «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և գործընկեր՝ ՌԴ ամենամեծ բժշկական հրատարակչության «ԳԷՕՏԱՐ-Մեդիա»-ի հիմնադիր, ռուս գիտնական Գուզել Ուլումբեկովայի անունից ԵՊԲՀ-ին նվիրաբերեց  գրադարանային թվային համակարգից օգտվելու հնարավորություն: «Մեր օրերում տեղեկատվությունը շատ է: Ուսանողին, բժիշկին որևէ բան  արագ որոնելու համար առկա է գրականությունը համակարգելու, թվայնացնելու անհրաժեշտություն: «ԳԷՕՏԱՐ-Մեդիա» ընկերութունը մեծ տեղ է հատկացնում կրթական ծրագրերին և իրենց  կողմից ստեղծված գրադարանային թվային համակարգը թույլ է տալիս և՛ բժիշկներին, և՛ դասախոսներին օգտվել եզակի այս հարթակից»,- ընդգծեց Արմաիս Կամալովը՝ մանրամասնելով, որ գրադարանային թվային համակարգը թույլ կտա շատ արագ գտնել անհրաժեշտ մասնագիտական կամ ուսումնական նյութը: «Պետք է ընդամենը մուտքագրել անհրաժեշտ հիվանդության, խնդրի անունը, հետքրքրող թեման  և համակարգը կառաջարկի բազմաթիվ նյութեր, որոնք կարելի է  ուսումնասիրել և ստանալ տվյալ հարցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն»,- նշեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը: Գրադարանային այս համակարգն հարմարեցված է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք աուդիոնյութի միջոցով կարող են լսել դասախոսություններ, ընթերցել գրքեր, որոնք թույլ կտան հավասար սկզբունքներով օգտվել էլեկտրոնային հարթակից՝ առանց տեսողությանը վնաս պատճառելու: «Ես կարծում եմ՝ այսօր թվայնացումն ամբողջ աշխարհում, բոլոր ուղղություններով զարգացում է ապրում, այդ թվում բժշկագիտության ոլորտում, և իր արտացոլանքն է գտել գրադարանային այս եզակի համակարգում»,- եզրափակեց անվանի բժիշկ-գիտնականը: Արմաիս Կամալովն անդրադարձել է նաև սովորողների մասնագիտացման ընտրությանը՝ կաևորելով բժիշկների մասնագիտական շարունակական կրթությունը, գիտելիքների կատարելագործումը: ԵՊԲՀ պատվավոր դոկտորը ներկայացրել է Մոսկվայի Մ․ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Համալսարանական հիվանդանոց» բժշկական գիտակրթական կենտրոնի գործունեությունը, կառուցվածքը, կառույցի առաքելությունը, որն ակադեմիկոսը ղեկավարում է 2014 թվականից: 2010 թվականից նա նաև համալսարանի Հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչն է, ինչպես նաև Ռուսաստանի Ուռուցքաբանության միության փոխնախագահը: Տասնամյակներ շարունակ բժիշկ-գիտնականը շարունակում է սերտ համագործակցությունը հայաստանյան բժշկական գիտակրթական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ: Ապագա բժիշկների խոսքով՝ անվանի բժիշկ-գիտնականների հետ նման ինտերակտիվ հանդիպումները շատ ուսուցողական են և մոտիվացնող: Նրանք հյուրին հղել են բազմաթիվ հարցեր, ստացել պատասխաններ՝ շնորհակալություն հայտնելով գրադարանային թվային համակարգից օգտվելու ընձեռված հնարավորության համար: Հիշեցնենք, որ գիտական խորհրդի որոշմամբ՝ Արմաիս Կամալովը սեպտեմբերի 23-ին  համալրել է բժշկական 100-ամյա դարբնոցի պատվավոր դոկտորների ներկայացուցչական կազմը:

Lragir.am,
27-09-2021 17:40