Երևանում կանցկացվեն գորգագիտությանը նվիրված դասընթացներ

27-09-2021 23:46

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների, մասնագիտական բուհերի ուսանողների (ԵՊՀ, ԵՊԿ, ԳՊԱ, ՀՊՄՀ) և բոլոր շահագրգիռ անհատների համար: Դասընթացներին կարող են գրանցվել նաև փորձաքննության մասին 2019 թ. տեսական գիտելիքներ ստացած մասնակիցները, որոնք ծանոթացել են մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության մի շարք ճյուղերի: Դասավանդման նյութն ընդգրկելու է  գեղարվեստական գործվածքի (գորգ,  կարպետ) ծագման, աշխարհագրության, գեղազարդման համակարգի, ներկման, ծիսական նշանակության և այլ հարցերի շուրջ մասնագիտական տեսական ու գործնական դասախոսություններ: Դասընթացի ավարտին տրվելու է մասնակցության հավաստագիր: Դասընթացի համակարգողն է պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ, ՄԱՓԿ փորձագետ Աշխունջ Պողոսյանը, դասընթացավարները՝ կենտրոնի հավատարմագրված փորձագետները: Ծրագիրը հոկտեմբերի 6-ից կմեկնարկի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում:

Lragir.am,
27-09-2021 23:46