Այնքան ուժ ունեցեք, վերանայեք ԽՍՀՄ քարտեզը, այնքան ուժ ունեցեք, կարողացեք Հայաստանի սահմանները պահել

Lragir.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Տիկին Հովսեփյան, ադրբեջանցիները չեն հեռանում Գորիս-Կապան ճանապարհից, իսկ Հայաստանի իշխանությունները քայլ չեն ձեռնարկում, հղում են անում ԽՍՀՄ քարտեզներին: Ինչպե՞ս պետք է լուծել անվտանգային հարցերը: Ոչ մի քայլ չի արվում, ես այս խնդրի լուծումը դեռ չեմ տեսնում: Դիտարկելով այն դիրքորոշումները, որոնք հայտնում են իշխանությունները, և այն իրավիճակը, որն ստեղծված է երկրում, ես չեմ տեսնում, որ այս դիրքորոշմամբ մարդիկ կարող են խնդիրները լուծել: Ավելին, այս խնդիրները օրեցօր կխորանան, և սա պատուհաս կդառնան ամբողջ հայ ժողովրդի ու Հայաստանի համար: Իրենց խաղաղ ճանապարհով լուծման բանաձևը արդեն 4 տարի է՝ կիրառում են: Եվ մենք տեսանք, թե նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին ինչ խաղաղություն տեղի ունեցավ, ինչպես սպանվեցին ու գլխատվեցին մանակահասակ երեխաներից սկսած մինչև գերեվարված անձինք: Այսինքն՝ վայրագ թուրքից խաղաղություն ակնկալելն ուղղակի աբսուրդ է, ինքնախաբեություն, ինչի հետևանքով նաև խաբում են ժողովրդին: Սա լուրջ անվտանգային խնդիր է: Այնքան անկարող են մարդիկ, որ Գորիս-Կապան ճանապարհը կապում են ԽՍՀՄ քարտեզի հետ: Իսկ ո՞վ ասաց, որ ԽՍՀՄ քարտեզը Հայաստանի սահմանների ճշգրիտ քարտեզն է: Այն ժամանակ էլ Նախիջևանը նույն ձևով պոկեցին տվեցին Ադրբեջանին ու Թուրքիային: Հիմա նորից կանգնել ասում են՝ ԽՍՀՄ քարտեզ: Այնքան ուժ ունեցեք, վերանայեք ԽՍՀՄ քարտեզը, այնքան ուժ ունեցեք, կարողացեք Հայաստանի սահմանները պահել: Մասնագետների կողմից կան առաջարկներ առաջնորդվել, օրինակ, 1923-26 թվականների քարտեզներով: Ի վերջո Հայաստանը կարող է սահմանազատման հարցերով դիմել միջազգային ատյաններ, այդպե՞ս է:  Իհարկե, կարող ենք: Բայց ո՞վ պետք է բարձրացնի այդ հարցը, արտաքին գործերի նախարարությո՞ւնը, որտեղ նախարարն ասում է՝ «մինչև գերիների, մեր երկրի ինքնիշխան տարածքից դուրս գալու հարցը չլուծվի, մենք որևէ հարց չենք քննարկելու», իսկ փոխնախարարն ասում է՝ «մենք խաղաղության բանաձևով ենք առաջնորդվելու ու դեմարկացիա ենք անելու»: Ո՞վ պետք է այս հարցերը բարձրացնի, վարչապե՞տը, ով կառավարության նիստում համայն աշխարհի առաջ ասում է, որ դրանք ադրբեջանական գյուղեր են: Երբ տիպիկ հայկական բերդաքաղաք Շուշիի մասին խոսում են, թե դա ադրբեջանական է եղել, ումի՞ց ինչ ակնկալես: Անգամ չպետք է մտածես ժամանակ ծախսել, այս պարագայում պետք է մտածես ինչպես ազատվել այս իշխանություններից, որ նրանց փոխարեն գան նորմալ մարդիկ, ոչ թե այն անձինք, ովքեր այս ամենի մեջ թաթախված ու կեղտոտված են: Պետք են մարդիկ, ովքեր իրապես ազգային մտածողություն ու արժեքներ կունենան, ովքեր, այո, 1923 քարտեզը կթելադրեն ու կպահանջեն և աշխարհի աչքը կհանեն, թե այս ի՞նչ եք անում աշխարհի ամենահին ժողովուրդերից մեկի հետ: Այսինքն՝ դուրս է գալիս ժողովրդավարությունը ոչնչացնելն է, հա՞: Մենք ենք մնացել, Հունաստանն է մնացել, մի քանի երկրներ են մնացել, որ պատմություն ունեն, բառացիորեն ջնջում են այդ պատմությունները: Ինչպե՞ս եք գնահատում Ազգային ժողովի աշխատանքը: ԱԺ-ն չպե՞տք է բարձրացնի Արցախի ճանաչման կամ Հայաստանին միացման հարցերը, ինչո՞ւ են խուսափում այդ հարցերից: Ազգային ժողովը շատ վաղուց է խուսափում այս հարցերի քննարկումից: Դեռ 7-րդ գումարման ԱԺ ժամանակ, հիշում եք, որ մենք երեք պատգամավորներով Արցախի դեօկուպացիայի հարցով հայտարարություն էինք արել, որին դրական եզրակացություն տրվեց հանձնաժողովում, բայց այդպես էլ լիագումար նստաշրջան չհասավ: Զարմանալի չէ այս իրավիճակը, քանի որ Ազգային ժողովի պատգամավորների մեծ մասը զբաղված է ժամավաճառությամբ, կեղծ օրակարգեր ստեղծելով, որպեսզի ինֆորմացիոն դաշտն ամբողջությամբ լցվի այդ կեղծ օրակարգերով և կարևոր թեմաներից շեղեն մարդկանց: Մյուս մասն էլ այնտեղ իրենց առևտրային հարցերի համար են, այնպես որ, ես Ազգային ժողովում որևէ մեկից ակնկալիք չունեմ: Ոչ միայն Արցախի հարցերը պետք է քննարկեին, այլ նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անվտանգության մասին պետք է խոսեն խորհրդարանում: Մինչև այսօր, երբ ես այլևս պատգամավոր չեմ, առաջնագծից կարիքների համար ինձ են դիմում մարդիկ: Իսկ ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովն արդեն չորրորդ անգամ քննարկում է փոխնախագահի հարցը, մուկն ու կատու են խաղում: Գետինը պետք է մտնեն, իրենք պետք է լինեին առաջնագծում ու կարիքների գնահատում անեին: Ինչ խոսես այդ մարդկանց մասին, առաջնահերթության խնդիր չունեն: Սեպտեմբերի 27-ը հենց իրենց տեսակի պատճառով եղավ, նույնկերպ վարվեցին ամբողջ պատերազմի ընթացքում, նստեցին սենյակներում, ոչինչ չարեցին՝ բացի դատարակ հեռախոսազրույցներից ու գլուխ գովելուց:

ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
28-09-2021 09:45